Հայտնաբերվել է կրակված գնդակ. դատարանի պատուհանի ապակին վնասելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի 2-րդ հարկի աշխատասենյակի պատուհանի ապակին վնասելու վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում ստացել է:
Այս մասին Tert.am-ին հարցին ի պատասխան հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Հաղորդում է ստացվել, որ դատարանի 2-րդ հարկի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է կրակված գնդակ»,-ասաց նա:
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր: