Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգին չի տիրապետում, դրա համար անընդհատ բողոքում է, մեղավորներ փնտրում. Արթուր Ղազինյան
Չի կարելի դիմադրել մի բանի, որը գոյություն չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հեղափոխությանը դիմադրում է ամբողջ պետական համակարգը:
Ըստ Արթուր Ղազինյանի` վարչապետը փորձում է հերթական անգամ մեղավոր նշանակել ինչ-որ մեկին իրենց իսկ ձախողումների համար: «Ես այդ ելույթից եկա եզրակացության, որ նա չի տիրապետում իրավիճակին, պետական կառավարման համակարգին չի տիրապետում, և դրա համար անընդհատ բողոքում է և անընդհատ մեղավորներ է փնտրում և փորձում նրանց մեղավոր դարձնելով արդարացնել իր անգործությունը, պետական կառավարման համակարգը կառավարելու անկարողությունը»,-ասաց նա:
Արթուր Ղազինյանը նկատեց, թե վարչապետը չգիտի, որ ռազմավարությունը մշակում է ոչ թե նախարարությունը, այլ՝ ուղեղային կենտրոնները, իսկ իրականացնում են նախարարությունները:
«Նման փոքր, էլեմենտար պատկերացման բացակայության պայմաններում իրենք ուզում են մի ամբողջ պետական բյուրոկրատիա գործի արդյունավետ, ինչը չի լինելու: Այսօր էլ վարչապետը խոստովանեց, որ իր մոտ դեռևս չի ստացվել հասկանալ պետական բյուրոկրատիայի աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը»,-ասաց նա:
Արթուր Ղազինյանը նշեց, որ եթե մինչև հիմա ունենք պետական ապարատ, մենք պարտական ենք այդ պետական կառավարման համակարգի միջին և ստորին օղակներում մնացած պրոֆեսիոնալ, իրականում բանիմաց մասնագետներին, քանի որ, ինչպես ինքը բնութագրեց, նախարարը դպրոցական երեխաներ են, որոնք իրեն ուղարկում են գրություններ և ինքը կարդում ու զարմանում է:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր.«Ինչ հաջողություն, ձեռքբերումներ մենք այսօր ունենք, ամբողջը ի հեճուկս պետական կառավարման համակարգի է: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ի հեճուկս պետական կառավարման համակարգի է տեղի ունենում»: