Մատնեցի՞ր՝ սողուն
Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարմացնել նրանց, ովքեր նրան դեռ լավ չեն ճանաչում կամ չեն էլ ճանաչում: Հիմա նա որոշեց մի հայտարարությամբ, մի ձեւակերպմամբ իրենից վանել բոլոր նրանց, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին են կամ իրենց լեւոնական են համարում:
«Ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էտպիսի իշխանություն ու էտպիսի իրավիճակ չի լինելու»,- Իտալիայում հայտարարեց Փաշինյանը։
Այս հայտարարությունից հետո նրանք, ովքեր լեւոնական էին եւ Փաշինյանին համարում էին իրենց սրտի վարչապետը, միանգամից փոխեցին դիրքորոշումը նրա նկատմամբ: Հիմա Փաշինյանի մասին այլ կերպ են մտածում: «Մատնեցի՞ր՝ սողուն»,- ասում են նրանք:
Եզակի բացառություն է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը՝ Վլադիմիր Կարապետյանը, որ 2008-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էր: Փաշինյանի այս հայտարարությունից հետո նա հրաժարական չտվեց, այլ փորձեց հնարավորին չափ կոռեկտ աջակցել Փաշինյանին:
Բազմաթիվ են փաստերը լրատվամիջոցներում, որ եղել են կեղծիքներ։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին ասել է Վլադիմիր Կարապետյանը: Նա խուսափել է ուղիղ պատասխանել՝ արդյոք համաձայն է Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ։
«Բազմաթիվ են փաստերը, համենայն դեպս, իմ կողմից ընթերցած լրատվամիջոցներում, որ եղել են, այո, կեղծիքներ, շատ դեպքեր եմ լսել, որ եղել են հանձնաժողովականների կողմից, նման ինֆորմացիա կա: Որեւէ նորություն չկա»,– ասել է նա։
Ակնհայտ է, որ Կարապետյանը փորձել է մնալ կոռեկտության սահմաններում, բայց տարօրինակ է, որ նա այդ կոռեկտության սահմանները չի պահում Ռոբերտ Քոչարյանի դեպքում, որի նախագահության տարիներին նա բավական հաջողությամբ, երբ ԱԳ նախարարը Վարդան Օսկանյանն էր, ղեկավարում էր ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Ընդ որում, առանց «մեջք» եւ բարեկամ, առանց որեւէ մեկի միջնորդության:
Հակոբ Ասատրյան
Top-News.am