Թուրքիան ցասման մեջ է․ Հայոց ցեղասպանությունը դատապարտել են ԱՄՆ 50 նահանգներից 49-ը․ НТВ-ի անդրադարձը
Ռուսական НТВ հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման և Թուրքիայի արձագանքի վերաբերյալ։
«Թուրքիան կատաղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման պատճառով։ Այդ թեման իսկական ցավ է Թուրքիայի համար, և ԱՄՆ-ի որոշումը, անկախ հարաբերություններում առկա որոշակի սառնությանը, հարված է դարձել Թուրքիայի համար»,- ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում։
Ընդունելով բանաձևը, որը տասնամյակներ շարունակ չէր կարողանում հասնել քվեարկության Ներկայացուցիչների պալատում, կոնգրեսականները գրեթե միաձայն են եղել․ նրանք բանաձևն ընդունել են 405 կողմ, 11 դեմ ձայնով։
Բացի այդ, ինչպես նշում է աղբյուրը, փաստաթուղթը, որը ոչ միայն ճանաչում է Ցեղասպանությունը, այլև դատապարտում այն, ընդունել են ԱՄՆ 50 նահանգներից 49-ը։
Աղբյուրը նկատում է, որ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ներկայացնում է ամենահայաշատ Կալիֆոռնիա նահանգը, քվեարկությունից հետո ելույթ ունենալով և խոսելով այն մասին, որ շուրջ 20 տարի զբաղվել է այս փաստաթղթի առաջխաղացմամբ, հազիվ է զսպել արցունքները։
Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևի ընդունումը խայտառակություն է անվանել։ Բացի այդ, ամերիկյան կողմը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ Սիրիայում իրականացրած արշավի և ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու պատճառով։