Ադրբեջանցի իրավապաշտպանը վրաերթի է ենթարկվել կասկածելի հանգամանքներում
Ադրբեջանցի մի խումբ իրավապաշտպաննների և փորձագետների շրջանում իրավապաշտպան Օգթայ Գյուլալըևին վրաերթի ենթարկելու միջադեպը կասկածներ է հարուցել:
Ակտիվիստ և փորձագետ Ֆազիլ Մամեդովը, փաստաբաններ Էլչին Սադիխովը, Էլվին Յուսիֆովը իրենց հարցազրույցներում մասնավորապես համոզմունք են հայտնել, թե տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, ինչպես փորձում են ներկայացնել պաշտոնական մարմինները, փոխանցում է «Թուրան» գործակալությունը:
Փաստաբան Ֆուադ Աղաևը, վկայակոչելով վթարի տեսագրությունը, պնդում է՝ հստակ երևում է, թե ինչպես է մեքենան ընթանում իրավապաշտպանի ուղղությամբ: Իրավաբանը իրավապահ մարմիններին հորդորում է քրեական գործ հարուցել մահափորձի հոդվածով կամ հասարակական գործչի վրա հարձակման հոդվածով:
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան և իշխանությունների կոշտ ընդդիմախոս Օգթայ Գյուլալըևը վթարի է ենթարկվել նախօրեին Բաքվում՝ ճանապարհը հատելիս: Նա ուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները իրավապաշտպանի վիճակը գնահատում են ծանր: