Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է, հետևաբար չի կարող լինել արդար ու օբյեկտիվ. Զարուհի Փոստանջյան
Չէի ուզենա, որ մենք հայտնվեինք այսպիսի կարգավիճակում՝ պետություն, որը չգիտի՝ ինչպես վարվել արդարադատության հետ, և արդարադատություն իրականացնելու փոխարեն՝ ընդհակառակը՝ ճնշումներ է բանեցնում դատարանների վրա: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՍԴ կազմի փոփոխության վերաբերյալ հարցին։
Հարցին, թե սա ինչքանով է կապված Ռոբերտ Քոչարյանի գործին, Փոտանջյանը պատասխանեց.
«Դե, ակնհայտ է, եթե մենք հետևում ենք իրենց փաստաբանի դերը ստանձնած Գագիկ Ջհանգիրյանին, որ ՍԴ-ն այս կազմով չպետք է քննի այս գործը, ապա հասկանում ենք, որ իրապես սա միմյանց հետ կապ ունեցող գործընթաց է, հիմքում դա է ընկած։ Եթե ոչ, ապա այս ժամանակահատվածում ու այս ձևաչափով դա տեղի չէր ունենա: Եթե ցանկանում ենք, որ տեղի ունենա իրապես բազմակողմանի, օբյեկտիվ ու ամբողջական քննություն, ապա գործը պետք է քններ անկախ մարմին, ոչ թե կողմ հանդիսացող մի նախաձեռնություն, որն այս պահին ՀՔԾ-ն է։ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է, նա առանձին միավոր չէ, և հետևաբար՝ այդ կողմը չի կարող լինել արդար ու օբյեկտիվ, ու մենք դա տեսանք»։
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործն ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում էր քնած, այնպես էլ այս պահի դրությամբ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել սպանությունների կամ հրազենային վնասվածք պատճառելու համար: նրա համոզմամբ բացահայտման փոխարեն՝ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ մաքուր քաղաքական գործընթաց։