Ամուլսարի շահագործմանը դեմ «Իմ քայլի» պատգամավորները կարող են կանաչների անկախ խումբ ստեղծել. Խառատյան
Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը:
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են օրինակ կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձևը թող Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքն ասի:
Այսպես էն բոլոր մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը և այդ օրակարգը օրենսդրական մակարդակում առաջ տանել քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով:
Մերժել մերժել ա, Ամուլսարի հանք դառնալը մերժելով կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող ա դառնալ բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը»: