Մոսկվայում 9 տարվա ազատազրկման են դատապարտել հայազգի գործարարին
Մոսկվայի քաղաքային դատարանը ուկրաինաբնակ հայազգի գործարար, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր և «Դոնբասի արդյունաբերական միություն» մետաղագործական ընկերության հիմնադիրներից մեկին՝ Օլեգ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել հատկապես խոշոր չափերի խարդախության գործով:
Ինչպես հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքային դատարանի մամլո քարտուղարին, դատարանը վճռել է Մկրտչյանի նկատմամբ պատիժ սահմանել ընդհանուր ռեժիմի գաղութում 9 տարվա ազատազրկման և 900 000 ռուբլի տուգանքի տեսքով:
Բացի այդ, դատարանը բավարարել է Արդյունաբերական ակտիվների հիմնադրամի քաղաքացիական հայցը Մկրտչյանից ավելի քան 198 մլրդ ռուբլի գանձելու մասին: Պահպանվել է նաև գործարարի 8 մլրդ դոլար կարողության նկատմամբ սահմանված կալանքը:
Մկրտչյանի ձերբակալության մասին հայտնի էր դարձել 2018-ի փետրվարի 8-ին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ քրեական գործ հարուցելու պատճառը մի քանի վարկերի ձևակերպումն ու ավելի քան 1 մլրդ ռուբլի գումարն իրեն պատկանող օֆշորային գոտի դուրս բերելն էր: