Ադրբեջանն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն առկա ձևաչափի շրջանակներում. Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն առկա ձևաչափի հիման վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան: Այս մասին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման ավարտին հայտարարել է Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առկա ձևաչափի հիման վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն», - գրել է Հաջիևը Twitter-ում:
Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Երկկողմ հանդիպմանը նախորդել և հաջորդել են նաև բանակցությունները համանախագահների և երկու երկրի արտգործնախարարների մասնակցությամբ: