Երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկերի պայմանները մեղմացվեցին
ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը նշեց, որ նման վարկեր տրամադրել են 14 բանկեր եւ 5 վարկային կազմակերպություններ: Ընդհանուր առմամբ այս տարվա փետրվարի 26-ի դրությամբ տրվել է 3905 վարկ, որից 2030-ը Երեւանում: Ընդհանուր ծավալը կազմում է 33 մլրդ 70 մլն դրամ:
Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները եւ նշեց, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչեւ 30 տարի, ինչպես նաեւ բարելավվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչեւ 35 տարվա սահմանափակումը եւ թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:
Նախարարի պարտականությունները կատարողը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով, նախկինում 9,5 տոկոս է եղել, բնակարան ձեռք բերել: Բնակարանի արժեքն է բարձրացել, եւ երիտասարդ ընտանիքը ապահովագրական գործիքի համադրմամբ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) կարող է ձեռք բերել 30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարան, արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
Վարչապետը արձանագրեց, որ սրանով տեսանելիորեն բարելավվում է երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները: «Ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչեւ 35 տարեկան լինելու սահմանափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայաստանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչեւ 35, 40, 45 տարեկանը: Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն՝ ամուսիններից մեկը կարող է լինել հիսուն, մյուսը՝ քսան, եւ ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը, կարծում եմ՝ շատ կարեւոր նվաճում է:
Մենք կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ նախնական հաշվարկներով՝ հիսուն տարեկանները ՀՀ-ում այլեւս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ»,-կատակեց նա:
Վարչապետը հարցրեց. «Ի վերջո, սրանով «Վերածնունդ» ծրագրի խնդիրը լուծվե՞ց։ լուծվել է, որի համար շատ ուրախ եմ»:
Նկատենք, սակայն, որ «Վերածնունդ» ծրագրի խնդիրը այս նախագծով չի լուծվում, որովհետեւ այդ ծրագրի շահառուները մեծ մասամբ չեն համապատասխանում «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի չափորոշիչներին: Դա է պատճառը, որ այդ ծրագրով հիպոթեքային տոկոսը կազմում է շուրջ 11 տոկոս, քանի որ ի տարբերություն նախկին տարիների, այս անգամ ԿԲ-ի կողմից առանձին փաթեթ չի տրամադրվել: