Պաղեստինի ԱՆ-ն փորձում է Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի բուժառուներին Հորդանանի արևմտյան ափ տեղափոխել

Պաղեստինի առողջապահության նախարարությունը փորձում է Գազայի հատվածի «Ալ-Շիֆա» հիվանդանոցից հիվանդներին ուղարկել Հորդանան գետի արևմտյան ափի բժշկական հաստատություններ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն՝ հավելելով, որ առաջին հերթին աշխատում են տեղափոխել վիրավորներին և նորածիններին:
Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքել է լուրը, թե իսրայելական ուժերը մեկ ժամ են տվել «Ալ-Շիֆա» հիվանդանոցի բուժանձնակազմին, հիվանդներին և փախստականներին հեռանալու համար՝ նշելով, որ իսրայելական բանակը միայն համաձայնել է օգնել տարհանմանը բժշկական հաստատության տնօրենի խնդրանքով: