Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար` ծանոթանալու հուլիսի 24-ին այն որպես մզկիթ բացելուն ուղղված աշխատանքներին (լուսանկարներ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճար` ծանոթանալու հուլիսի 24-ին այն որպես մզկիթ բացելուն ուղղված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանին տաճարում անցկացվող աշխատանքներին ծանոթացրել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան: Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցել են նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և Կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը:
Հուլիսի 24-ին ուրբաթօրյա նամազով Սուրբ Սոֆիայի տաճարը կբացվի որպես մզկիթ:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցեց առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ:
Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականի Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ