Իրանը միջուկային համաձայնագրի ղեկավարներին նախազգուշացրել է զենքի արգելքի վերականգնման դեպքում «շատ լուրջ հետևանքների» մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է գրել 2015 թվականի կնքված միջուկային համաձայնագրի անդամ երկրների (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) առաջնորդներին՝ տեղեկացնելով՝ ինչպիսին կլինի Թեհրանի պատասխանը Իրանի նկատմամբ զենքի արգելք կիրառելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եթե երբևէ ցանկանան, որ Իրանի դեմ զենքի արգելքը ցանկացած պատրվակով կամ մեխանիզմով վերականգնվի, ապա մենք կպատասխանենք այնպես, ինչպես ես գրել եմ «4+1» խմբի պետությունների առաջնորդներին ուղղված իմ նամակի վերջին կետում: Նրանք լավ գիտեն պատասխանի մասին»,-հայտարարել է Ռոհանին կառավարության նիստի ընթացքում:
Նրա խոսքով՝ Իրանի արձագանքը շատ լուրջ հետևանքներ կունենա:
Իրանի նախագահը հայտարարել է նաև, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը «հիմար սխալ էր» և Վաշինգտոնում այդ մասին հասկացել են այն ժամանակ, երբ Իրանի նկատմամբ զենքի արգելքը հանելուն շատ քիչ ժամանակ էր մնացել:
«Ամերիկացիները միայն երկու ամիս է, ինչ զարթնել են իրենց անհոգ քնից, հասկացել են, թե ինչ խոշոր սխալ են գործել միջուկային համաձայնագրից դուրս գալով: Նրանք ճանապարհ չունեն ոչ դեպի առաջ, ոչ դեպի ետ»,-նշել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարող է կրկին դիմել համաձայնագրին անդամակցելու համար, որը նախևառաջ պիտի ընդունվի, իսկ ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին այն վնասը, որը հասցվել է պատժամիջոցների միջոցով:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Իրանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու գործող հատուկ ռեժիմըհնգամյա ժամկետից հետո լրանալու է, և այդ որոշումից որևէ շեղում չի կարող լինել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է Իրանի նկատմամբ զենքի արգելքը երկարաձգելու համար, որպեսզի թույլ չտա այդ երկրին զենք ձեռք բերել Ռուսաստանից կամ Չինաստանից:
Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015 թվականի հուլիսին պատմական համաձայնության էին եկել Թեհրանի միջուկային ծրագրի երկարատև խնդրի շուրջ: Բանակցությունների արդյունքում ընդունվել էր միասնական գործողությունների համապարփակ ծրագիր, որը ենթադրում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում: Ծրագրի համաձայն՝ Իրանի նկատմամբ զենքի ներկրման արգելքը պետք է չեղարկվեր 5 տարվա ընթացքում, մինչ այդ էլ զենքի մատակարարումը թույլ է տրվում միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությամբ: Համաձայնագրի գործունեությունը 3 տարի էլ չի տևել. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է համաձայնագրից միակողմանի ելքի և Թեհրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ