«Լավագույն օրերը կվերադառնան»․ Եղիսաբեթ 2-րդը ուղերձով դիմել է բրիտանացիներին․ The Guardian
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ հեռուստաուղերձ է հղել բրիտանացիներին, գրում է The Guardian-ը։
«Թեև նախկինում նույնպես հանդիպել ենք փորձությունների, սակայն սա այլ դեպք է։ Այս անգամ մենք աշխարհի բոլոր ժողովուրդների հետ միավորվել ենք մեկ ընդհանուր նպատակի համար՝ վարակի բուժման համար օգտագործելով գիտության մեծ ձեռքբերումները և միմյանց հանդեպ մեր կարեկցանքը։ Մենք հաջողության կհասնենք, և այդ հաջողությունը կպատկանի մեզնից յուրաքանչյուրին»,- ասել է Մեծ Բրիտանիայի միապետը։
Իր ուղերձում թագուհին, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել առողջապահության ազգային համակարգում աշխատող բոլոր մարդկանց։
«Ձեր դժվարին աշխատանքի ամեն ժամը մեզ ավելի է մոտեցնում բնականոն կյանք վերադարձին»,-ասել է թագուհին՝ հավելելով, որ և՛ ինքը, և՛ ամբողջ երկիրը բարձր են գնահատում բուժաշխատողների աշխատանքը:
Միապետը նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր կատարում են իշխանության հանձնարարականը և մնում են տանը՝ այդպիսով նվազեցնելով կորոնավիրուսի տարածումը։
«Միասին մենք պայքարում ենք այդ հիվանդության դեմ, և ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ եթե մենք պահպանենք միասնությունն ու վճռականությունը, ապա հաղթանակ կտանենք»,- հայտնել է թագուհին։
Նա նշել է, որ երկրի բոլոր բնակիչները «կարող են հպարտանալ այն հանգամանքով, թե ինչպես են դիմագրավում իրենց առջև ծառացած մարտահրավերին»: Թագուհին հույս է հայտնել, որ հետագայում նրանց մասին կասեն՝ «բրիտանացիների այս սերունդը նույնքան ուժեղ է, որքան նախորդները»:
«Թեև մենք դեռ շատ փորձությունների միջով պետք է անցնենք, բայց պետք է մխիթարվենք այն հանգամանքով, որ լավագույն օրերը կվերադառնան. մենք կրկին կլինենք մեր ընկերների, ընտանիքների հետ, մենք նորից կհանդիպենք»,-ասել է թագուհին։
Եղիսաբեթ 2-րդի հատուկ ուղերձը նրա գահակալության տարիներին ընթացում հինգերորդն է։ Մեծ Բրիտանիայի թագուհին հատուկ ուղերձներով հանդես է եկել 1991-ին՝ Պարսից ծոցում պատերազմի ժամանակ, արքայադուստր Դիանայի մահից հետո, մոր թագուհու մահից հետո և 2012թ.՝ իր գահակալության 60-ամյակի կապակցությամբ։
Ներկայում Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 47 806 դեպք, որից 4 934-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 135 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում