Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին
Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արեւմտյան թաղամասի «Երեւան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել. ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ, 28-ամյա Տիգրան Կարապետյանին: Այս մասին Forrights.am-ին ահազանգել է Տիգրան Կարապետյանի եղբայրը՝ Գեւորգ Կարապետյանը:
«Ոստիկանները նրան կանգնացրել են: Վեճ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Եղբայրս ձերբակալված է, ունի վնասվածքներ, այսքանը գիտեմ», - ասաց Գեւորգ Կարապետյանը: Դեպքի մանրամասները ներկայացրեց Տիգրան Կարապետյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա, ոստիկանները ստորացրել են եւ խոշտանգել են երիտասարդին: Նրա դեմ քրեական գործ է հարուցված Ք.Օ. 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Ահա, թե ինչ է պատմում փաստաբանը.
«Մարտի 27-ին, գիշերը Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ նրա մեքենայով գնում է Օհանովի փողոցում գտնվող «Երեւան-Սիթի» սուպերմարկետ, գնումների: Մինչ այդ մտնում է տուն, իմանում է, որ երեխան լավ չի, կոկորդը ցավում է: Էլ ո՞նց պետք է գնա փոքրիկ երեխայի հայրը՝ արագ քշում է, «Սիթիի» դիմաց կանգնում է, փողոցն անցնում է: Դեռ խանութ չմտած, գալիս են ոստիկանները քաղաքացիական հագուստով: Մեքենայով դեմը կանգնում են, բա՝ արա, էս ո՞նց ես քշում, ու հայհոյանք են տալիս: Նա էլ պատասխան է տալիս, թե դուք ո՞վ եք, որ ինձ հետ սենց եք խոսում: Դուրս են գալիս երեք հոգի, տշելով, ծեծելով փողոցը անցկացնում են, քարշ տալով, ընկերոջ մեքենան են նստեցնում, այդ ընկերոջն էլ են խփում: Ընկերը ոստիկանությունում ուրիշ ցուցմունք է տվել, գրել է, որ ընկել է, ոտքը վնասել է: Նա ծանոթներ ունի ոստիկանության համակարգում, իրեն ասել են՝ քեզ կպրծացնենք»:
Ըստ Գուրգեն Հովհաննիսյանի, Տիգրան Կարապետյանին մեքենայի մեջ ծեծել են, այլանդակել են, ինչի տեսանյութը կա քննչականում:
«Տղայի կոկորդին են կանգնել, հայհոյել են նրան, ինքն էլ է հայհոյել: Փորձել է ազատվել ոստիկաններից ու մեքենայի նեղվածքում ծնկով դիպել է ոստիկաններից մեկի աչքին: Հետո մազերից քարշ տալով, տանում են ոստիկանություն, քցում են գետնին, երկու անգամ ուշքը գնում է, թքում են վրան, թքում են բերանին: Դա տեղի է ունեցել հենց ոստիկանության շենքի դիմաց: Տիգրանը ասում է՝ Նիկոլ Փաշինյանին եմ հասցնելու, ասում են՝ տո, ում ուզում ես, ասա, ու այլանդակ քֆուրներ են տալիս Նրան այն ժամանակ են նկարում, երբ որ նա հայհոյանք էտալիս: Այդ ամենը կա ոստիկանության կողմից արված տեսագրություններում», - պատմում է փաստաբանը:
Տիգրան Կարապետյանը հայտնել է իր փաստաբանին, որ քննչականի պետը ասել է իր աշխատակիցներին՝ սպասեք, սրան պետք է ստորացնել, տարեք զուգարան, ապա թքել է բերանին, դեմքին: Քրեականի պետը սպիրտ է լցրել Տիգրանի գլխին, ասելով՝ դեզինֆեկցիա եղիր, այ վարակ: Հետո սկսել են հարվածել դեմքին: «Այնքան էին սիլլում, որ հայհոյանք էի տալիս, ու մենակ իմ քֆուր տալն էր նկարում», — ասել է Տիգրանը իր փաստաբանին: Այնուհետեւ եկել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը: Նա ասել է, դիմելով բերման ենթարկվածին՝ զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ: Նա մատով չի կպել Տիգրանին, սակայն ստորացրել է վերջին հայհոյանքները տալով՝ «մոր քֆուր, երեխու քֆուր»: «Նրանցից մեկն էլ իմ պաշտպանյալին ասել է՝ եկեք սրան փչացնենք, մի խփեք, տանենք զուգարան», — պատմում է Գուրգեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը գինովցած է եղել:
Ո՞րն է իշխանության ներկյացուցչի նկատմամբ բռնությունը, ինչո՞վ է հիմնավորվում մեղադրանքը: Մեր հարցին Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նա ընդամենը մեքենայի մեջ ուզել է ազատվել իրեն ծեծող, իր շարժումները կաշկանդող, իրեն հայհոյող անձանցից ու պատահաբար ծնկով դիպչել է ոստիկանի աչքին: Հիմա եկեք կանգնեցնենք իրար կողքի վնասվածք ստացած ոստիկանին ու Տիգրան Կարապետյանին, ու հասկանանք՝ սա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությու՞ն է, թե՞ քաղաքացու խոշտանգում: Տիգրանին խոշտանգել են, երկուշաբթի տանելու են կալանքի»:
Ըստ փաստաբանի, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի համար Տիգրան Կարապետյանին ուղարկել են ոչ թե ոստիկանության համապատասխան կենտրոն, այլ հասարակ պոլիկլինիկա, ասելով, որ փորձաքննության համար իրենք պայմաններ չունեն:
«Ես չգիտեմ, թե այդ պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, թե ոչ», — ասում է փաստաբանը: Այս պահին Տիգրան Կարապետյանը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
Ավելի վաղ այս դեպքի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր ներկայացրել, որտեղ նշել է, որ ոստիկանը կանգնեցրել է մեքենան, որի վարորդն ու ուղեւորը հարբած են եղել։ Նրանցից մեկը հարվածե է ոստիկանին եւ վնասվածք պատճառել։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը