«Շնորհակալ ենք»․ երախտագիտության ակցիա Թբիլիսիում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. նամակ Ախալքալաքի սակրեբուլոյից
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն նամակ է պատրաստել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն ուղարկելու համար, որում շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Հոկտեմբերի 31-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստի ժամանակ պատգամավորները որոշում են կայացրել դիմել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն, որպեսզի հայտնեն իրենց շնորհակալությունը: Նամակի բովանդակությունը նիստի ժամանակ համաձայնեցվեց Սակրեբուլոյի պատգամավորների հետ, որպեսզի այն ուղարկվի բոլոր դեպուտատների անունից:
Հայտարարության տեքստը նեկայացնում ենք ամբողջությամբ:
«Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն ուրախ է եւ ոգեւորված, եւ իր խորին շնորհակալությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 1915-ին Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունն ընդունելու եւ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իր պատմական որոշման համար: № 296 բանաձեւը համարձակ քայլ է դեպի ճշմարտություն եւ պատմական արդարություն, քայլ որը կարեւոր է ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում ցանգվածային բռնությունները կանխելու համար: Ժամանակին կատարված քայլ, որովհետեւ քանի դեռ կա թուրքական վտանգը, չի բացառվում ցեղասպանության կրկնությունը, որի վառ օրինակը ներկայումս սիրիական քուրդերի զանգվածային սպանություններն են: Մենք շատ շնորհակալ ենք 405 քվեներից յուրաքանչյուրի համար, առանձնահատուկ շնորհակալություն Ադամ Շիֆին, քանի որ “ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար կարեւոր է, որ ցեղասպանությունը ճանաչվի պաշտոնապես»:
Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման առթիվ՝ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ երախտագիտության ակցիա է անցկացվել Թբիլիսիում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ:
Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում (հայերեն, վրացերեն եւ անգլերեն) շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին, այն 405 կոնգրեսականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւին։
«Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ովքեր կողմ են արդարությանը, ազատությանը: Կողմ են,որ հանցագործը հատուցի ու պատժվի: Կեցցե՛ Ամերիկայի խաղաղասեր ժողովուրդը»,- ելույթում ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը։
«Հանձին Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան՝ մենք այսօր շնորհակալ ենք Ամերիկայի ողջ ժողովրդին: Մենք խորը համոզմունք ու հավատ ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական վերջակետին է հասնելու: Ճանաչման, դատապարտման քայլեր են լինելու ԱՄՆ-ի եւ բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից: Մեր ցեղասպանությունը քաղաքական գործընթացների վերածելու համար չէ: Այն պետք է ճանաչվի, որ աշխարհի որեւէ երկրում չկրկնվի»,- իր խոսքում նշել է Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը։
Հավաքն ավարտվել է Տերունական աղոթքով եւ հայրենասիրական երգերով։
Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ հարաբերակցությամբ ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների եւ դեմոկրատների հեղինակած բանաձեւն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայներով:
Փաստաթուղթը, որը պարտադրող ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի