Սոցցանցերը Թուրքիայում. ի՞նչ գրառումների համար քաղաքացին կարող է բանտում հայտնվել
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին քննադատական գրառման համար կարելի է բանտում հայտնվել:
Ինչի՞ համար են Թուրքիայի իշխանությունները պատժում սոցցանցերի օգտատերերին:
Գերմանիայի քաղաքացի, թուրքական ծագմամբ Օսման Բ.-ին ձերբակալել էին հուլիսի սկզբին Անթալիայի օդանավակայանում: Նա կասկածվում է ահաբեկչության քարոզչության մեջ: 36-ամյա տեղամարդուն ազատազրկում է սպառնում այն բանի համար, որ նա Facebook-ի իր էջում տեղադրել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Գերմանական տեսանկյունից՝ Օսմանի ձերբակալությունը մտքի ազատության խախտում է, սակայն Անկարայում այլ կերպ են մտածում, գրում է DW-ը:
Բանտարկում՝ սոցցանցում գրառում կատարելու համար
Թուրքիայում հազարավոր մարդիկ արդեն պատժվել են սոցցանցերում իրենց ակտիվության համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018թ. քրեական գործերի թուրքական գերատեսչության աշխատակիցները հետեւել են սոցցանցերում 110 հազար հաշիվների: 7100 օգտատեր ձերբակալվել է: 2745 օգտատեր ձերբակալվել է այն պատճառով, որ նրանց էջերը «քրեական պարունակություն» ունեն:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում 20500 մարդ դատարանի առաջ է կանգնել սոցցանցերում գրառումների պատճառով:
Մեղադրանքների շարքում են՝ նախագահին վիրավորելը, պետական ինստիտուտներին վիրավորելը, ապստամբության կոչերը, ահաբեկչության քարոզումը, Ֆեթուլլահ Գյուլենի (Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են 2016թ. հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ) գաղափարների աջակցումը, Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելը: Հատկապես կոշտ պատժի են ենթարկվում Էրդողանին եւ նրա կուսակցությանը քննադատողները:
Օսման Բ.-ի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հեշտությամբ հայտնվել բանտում: Ձերբակալության համար բավարար է, օրինակ, իշխող կուսակցությունից որեւէ պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ իրեն վիրավորել են:
Թուրքիայում սոցցանցերը հսկողության տակ են
Որոշ դեպքերում Էրդողանն անձամբ է դատարան դիմում: Նման դեպքեր են եղել 2014 եւ 2017 թվականներին, 12173 մարդ դատարանի առաջ է կանգնել Էրդողանին վիրավորելու համար, իսկ 3221 մարդ ձերբակալվել է: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը փաստագրում է դեպքերը, երբ պատժի են ենթարկվել մարդիկ, որոնք իրենց գրառումներում քննադատում են թուրք զինվորականների գործողությունները քրդերի նկատմամբ: Այդ հիմքով անցած տարի 648 մարդ է ձերբակալվել:
Թուրք իրավապաշտպան Հադի սինի խոսքով՝ դա թուրքական իշխանությունների կամայականությունն է, քանի որ թուրքական օրենսդրության մեջ համացանցում գրառումների համար քրեական պատիժ նախատեսված չէ:
Քննադատության համար քրեական պատիժ
Տնտեսագետ Մուստաֆա Սյոնմեզի դեպքը մեծ արձագանք ստացավ: Նրան մեղադրանք էր առաջադրվել փորձագիտական կարծիք հայտնելու համար: Ապրիլի 14-ին տնտեսագետը Twitter-ի իր էջում գրել էր, որ թուրքական տնտեսությունը ճգնաժամի մեջ է գտնվում: Սեպտեմբերի 20-ին նա դատարանի առաջ էր կանգնել:
Էրդողանի աջակիցները, իրավապաշտպան Հադի Սինի խոսքով, կարող են որքան ցանկանան ռասիստական մեկնաբանություններ գրել, վիրավորել իրենց ընդդիմադիրներին կամ սպառնալ նրանց, իսկ մյուսները դրա համար բանտարկվում են: Թուրքիայում շատերի համար սոցցանցերը վտանգավոր տարածք են դարձել, միակ հույսը, ըստ իրավապաշտպանի, Եվրոպան է: Նա ԵՄ-ին կոչ է արել արձագանքել Թուրքիայում մտքի ազատության եւ մարդու իրավունքների խախտումներին:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի