ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումը
Սահմանադրական դատարանը երեկ վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Վարույթ է ընդունվել 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով:
ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը և 169-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 71-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) հիման վրա գործի քննությունը՝ ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, մերժել,
բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել,
գ) Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:
2. Գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:
3. Գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանին, Ա. Դիլանյանին, Ֆ. Թոխյանին, Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Հ. Նազարյանին, Ա. Պետրոսյանին:
4. Գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
5. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին»:
ՍԴ որոշմանն ամբողջապես կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել էր նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:
Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել էր մեղադրող կողմի բողոքը՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին։ Վերաքննիչ դատարանը փաստորեն բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումը, և որոշել էր գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...