Բութ գործիքի էֆեկտը տնտեսության մեջ. նման ենք նրան, ով ուզում է չսրած կացնով ինչ-որ բան տաշել. Գագիկ Մակարյան
«Փաստ» թերթը գրում է.
«Այդքան քննարկված Հարկային օրենսգրքի փաթեթն արդեն խորհրդարանի օրակարգում է: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նման փոփոխություններով տարբերակը շատ ժամանակավոր ու շատ միջանկյալ է համարում:
Նա խնդիրները դիտարկում է ավելի լայն համատեքստում: «Բիզնեսին վերաբերող օրենքները, այդ թվում՝ հարկային օրենսդրությունը պետք է արմատապես վերանայվեն ու փոխվեն: Բիզնես միջավայրին առնչվող մյուս օրենքների բազմաթիվ հոդվածներում հակասություններ կան՝ այդ օրենքներում այնքան խնդիրներ կան: Օրենսդրությունը չպետք է համարենք լավը միայն այն պայմանով, որ քաղաքական միջավայրն այդ րոպեին լավն է: Օրենքները չպետք է լիարժեք ծառայեն՝ ելնելով զուտ քաղաքական կամքից:
Պետք է ծառայեն արդյունավետ՝ ի նպաստ տնտեսության զարգացմանը: Մեծ հաշվով, տնտեսական հեղափոխության համար այդ օրենքները նպատակահարմար չեն, դրա համար դրանք համարում ենք կարճաժամկետ, և այդ առումով բացառություն չեն հարկային օրենսգրքի փոփոխությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով խնդրահարույց կետերից մեկին՝ եկամտային հարկի համահարթեցման մոդելին, Գ. Մակարյանը նշեց. «Տարբեր քննարկումների ժամանակ լսեցինք տարբեր երկրների փորձը: Գործող կամ նախկին նախարարները պատմեցին, որ իրենց երկրներում 6-7 տարի հետո վերադարձել են պրոգրեսիվ հարկման մոդելի: Հայաստանում աշխատավարձ ստացողների մոտ 70 տոկոսը մինչև 150-160 հազար դրամ աշխատավարձ է ստանում:
Հաշվի առնելով, որ հիմա այդ սանդղակի աշխատավարձերից հենց 23 տոկոս էլ հարկվում է, ստացվում է, որ աշխատավարձ ստացողների շատ մեծ քանակի վրա համահարթեցումը չի տարածվում: Տվյալ մոդելի դրական կողմերից մեկն այս պահին այն է, որ ՏՏ և այլ ոլորտներում բարձր աշխատավարձ ստացողները չհեռանան երկրից: Արդյունքում նրանց աշխատավարձերը կարող են բարձրանալ, ինչն էլ տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ՝ առևտրի մեջ ավելի շատ փող կմտնի: Բացի այդ, այն գրավչություն կարող է առաջացնել ներդրողների համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության դերին՝ տնտեսական իրավիճակի համատեքստում, մեր զրուցակիցը նշեց. «Հարկային օրենսդրությունը շատ լուրջ դերակատարություն ունի հավասար մրցակցային պայմաններ ապահովելու առումով: Երբ օրենքները մանիպուլյացիաների, ինչ-որ մարդկանց արտոնյալ վիճակում լինելու հնարավորություն են տալիս, օրենսգիրքը վտանգավոր է դառնում. երկակի, ոչ հստակ, չձևակերպված կամ կիսաձևակերպված մտքեր, որոնք դեռ կասկածանքի ու պարզաբանման առիթ են տալիս, և ոչ բոլորն են, որ կարողանում են այդ պարզաբանումը ստանալ:
Բայց կոնկրետ ներդրումների մասով կարելի է ասել, որ հարկերի չափը չէ, որ վախեցնում է ներդրողներին: Նրանք ավելի շատ խուսափում ու դժգոհում են հաճախակի փոփոխություններից: Ես հենց այս առումով եմ կարևորում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Բայց այսպես մի քանի հատված են փոխում՝ կիսակոսմետիկ փոփոխություններ անում: Թեպետ Հարկային օրենսգրքի նախագծի որոշ դրույթներ առավել էական են, բայց հիմնական հարցերը չեն»:
Նրա խոսքով, օրենսգրքի շուրջ առկա աղմուկ-աղաղակն արդարացված չէ այն ցուցանիշներով, փոփոխությունների այն էֆեկտով, որը կարևոր է թե՛ տնտեսության, թե՛ ներդրողների համար. «Այսինքն՝ ավելի լավ է ոչ թե հայտարարել փոփոխությունների մասին, այլ լուրջ քննարկումներից հետո միայն մեկ-երկու ամսում փոփոխություն անել: Անընդհատ ներքին մթնոլորտում լարվածությունը պահելով օրենքներ փոխելը, քննարկումների գրեթե մեկ տարի տևած ժամանակահատվածը «հուշտ» են անում, վախեցնում են ներդրողներին»:
Ինչ վերաբերում է քաղաքացիներին, որոնք ևս ուզում են որևէ արդյունք զգալ, Գ. Մակարյանը շեշտեց ենթակառուցվածքների զարգացման կարևորության մասին. «Ենթակառուցվածքների վատ աշխատանքի ու դրանից բխող այլ խնդիրների պատճառով, ի վերջո, առաջանում է դժգոհություն պետության և իշխանության հանդեպ: Օրինակ, մարդիկ ասում են՝ ո՞ւր է, որ լավացել է կյանքը, կամ ինչո՞ւ չեմ նկատում 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Մեծ հաշվով, հարցը միայն նպաստը, աշխատավարձն ու զբաղվածության ծրագրերը չեն. կարևոր են նաև մյուս բաղադրիչները»:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ առհասարակ օրենսդրական փոփոխությունների հետ կապված մոտեցումները պետք է փաստացի լինեն. «Բայց օրենքների փոփոխության հիմնավորումներն այնքան պրիմիտիվ են լինում ու չեն առաջացնում այն համոզմունքը, որ դրան գնալը խորությամբ մտածված քայլ է:
Տնտեսական բլոկին վերաբերող քայլերն ավելի խորը վերլուծությունների հաշվին պետք է անել: Օրենքներն ու քաղաքականությունները գործիքակազմ են, որոնք իրականում պետք է նպաստեն խնդրի լուծմանը, բայց եթե գործիքակազմն էֆեկտիվ չէ, այն պետք է վերանա: Մենք նման ենք նրան, ով ուզում է չսրած կացնով կամ բութ ուրագով ինչ- որ բաներ տաշել, բայց սուր ծայրով ուրագն է լավ տաշում: Գործիքների սրությունը պայմանավորված է խորությամբ ուսումնասիրված լինելով: Եթե խորություն չկա, գործիքը սուր չի կարող լինել: Այդ պարագայում այն ավելի բութ գործիքի էֆեկտ ունի, ինչն ավելի շատ ջարդում ու փչացնում է»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ