Ժամանակն է, որ մարզպետները դուրս գան տեղական «հեղկոմների» տրամաբանությունից ու գործեն պետական օրակարգի համատեքստում
«Փաստը» գրում է. «Նախկին պաշտոնյաները, որոնք խրված են եղել կոռուպցիայի մեջ, պետք է վերադարձնեն պետությանը հասցրած վնասը», - օրերս ասել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որ ութ ամիս առաջ է ստանձնել պաշտոնն ու իր առաքելությունն է համարում կոռուպցիայի դեմ պայքարը։ «Իրենք չեն կարող հեղափոխությունից հետո, եթե նախկինում 20-30 տարի զբաղված են եղել թալանով, հիմա փողոցներում շրջեն հպարտությամբ։ Իրենք, հակառակը, պետք է մեր փողոցներում շրջեն գլխիկոր: Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հասարակությունը և բոլորս իմանանք, թե ով ով է եղել անցած տարիներին: Բոլոր թալանչիներին պետք է գնահատականը տանք ըստ արժանվույն»,- ասել է մարզպետը։
Լոռու մարզպետը լրիվ հեղափոխական թրենդի մեջ է, ու նրա հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է գործող իշխանության հռետորաբանության մեջ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ղուկասյանը բացառություն չէ, ու նման բարձրագոչ հայտարարություններ կարող ենք լսել գործնականում բոլոր ասուլիսներում, որոնց բանախոսները գործող իշխանության ներկայացուցիչներն են։ Օրինակ՝ հակակոռուպցիոն թեման գերիշխող է Նիկոլ Փաշինյանի բոլոր ասուլիսներում, իսկ նրա կաբինետի անդամները մրցակցության մեջ են՝ ով կարող է իր ոլորտում ավելի շատ բացահայտումներ անել։ Անցած մեկ տարում իշխանությունների գործունեության հիմնական ու թերևս միակ առանցքը եղել է՝ բացահայտել նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթները, դրանք տիրաժավորել՝ տեսարաններ ապահովելով հասարակության համար։
Կոռուպցիայի դեմ պայքարն, անշուշտ, անհրաժեշտություն է, սակայն դա չպետք է արտահայտվի միայն բարձրագոչ հայտարարություններով, իսկ որ ամենակարևորն է՝ չպետք է տպավորություն ստեղծվի, որ Հայաստանի իշխանության համակարգը մի մեծ հակակոռուպցիոն մարմին է, ու բոլոր պետական ինստիտուտները սպասարկում են միայն այդ գործառույթը։ Հիմա հենց այդպիսին է տպավորությունը, ու օրինակ՝ տարբեր ոլորտների պատասխանատուներից մենք լսում ենք ոչ թե զարգացման հայեցակարգային ծրագրերի, այլ նախկինում կատարված չարաշահումների բացահայտումների մասին։ Այնպիսի տպավորություն է, որ երկրում օրակարգը ձևավորում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, իսկ պետական մյուս ինստիտուտներն անշեղորեն գործում են այդ օրակարգի շրջանակներում որպես յուրատեսակ «մատակարարներ»։ Եվ սա այն դեպքում, երբ կոռուպցիոն խոշոր գործեր, մեղմ ասած, բացահայտված չեն, ու «տուշոնկաների» գործով անազատության մեջ է միայն ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը։ Ավելին՝ կան ահազանգեր, որ կոռուպցիոն ռիսկերն իշխանության միջին օղակներում ոչ թե վերացել են, այլ քողարկվել են «պաշտպանական» շերտերով։
Մարզպետներն առաջին հերթին պետք է խոսեն իրենց մարզերի զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումային ծրագրերի իրականացման, այլ խոսքով՝ տնտեսական հեղափոխության լոկալացման մասին։ Համենայն դեպս, այդ չափանիշով պետք է գնահատել այս կամ այն մարզպետի գործունեության արդյունավետությունը՝ ըստ տրամաբանության ու այն լիազորությունների, որոնք օրենքով պատվիրակված են տարածքային կառավարում իրականացնող այս սուբյեկտներին։ Ժամանակն է, որ մարզպետները դուրս գան տեղական «հեղկոմների» տրամաբանությունից ու գործեն պետական օրակարգի համատեքստում, իսկ «կոռուպցիոներ» համայնքապետների հարցը թողեն պատկան մարմինների իրավասությանը։ Հակառակ պարագայում՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր մարզպետներից շատերը ոչ թե տարածքային կառավարում իրականացնողներ են, այլ ԱԱԾ կամ ոստիկանության տեղական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, որոնք պարբերական դարձած հրապարակային հաշվետվություններով փորձում են միավորներ վաստակել հեղափոխական կառավարության մոտ։
Սա, մեղմ ասած, «գլուխ արդուկելու» նուրբ մշակույթ է, որի միջոցով քողարկվում է անարդյունավետ կառավարումը։ Մի կողմից՝ պատրանք է ստեղծվում, թե ամբողջ իշխանությունը լծված է նախկին համակարգի ապամոնտաժման «սրբազան առաքելությանը», մյուս կողմից՝ չարված աշխատանքը, չիրացված ծրագրերը «դուրս են գրվում» նախկինների (համայնքապետների դեպքում՝ դեռևս գործողների) վրա, որոնք իբրև թե սաբոտաժի միջոցով վիժեցնում են հեղափոխական ծրագրերի իրականացումը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ