Ադրբեջանական կրակոցներ՝ Մեդվեդևի «պատվին»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից երեկ կրակոցներ են հնչել։ Կրակահերթը տևել է կես ժամից 40 րոպե՝ ընդհատումներով։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, դրանք արձանագրվել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի ուղղությամբ։ Բարեբախտաբար, վնասներ և տուժածներ չկան։
Բոլոր փաստերը կան ենթադրելու, որ ադրբեջանական այս կրակոցներն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեն, ու առայժմ հիմք չկա խոսելու այն մասին, որ առաջիկայում ականատեսը կլինենք, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտության» կամ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանավոր պայմանավորվածությունների չեղարկմանը։ Ընթերցողին հիշեցնենք, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ հակառակորդի կողմից 2018 թ. սեպտեմբերի 12-ին էին հնչել կրակոցներ:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից հետո կարգավորման գործընթացում իրավիճակի որոշակի փոփոխություն է եղել, ինչն իր հրապարակային արտահայտությունը գտավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ մարտի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած արձագանքներում։ Հանդիպումն այդ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ, ըստ ամենայնի՝ միջնորդությամբ, ու պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում կարծիքներ հայտնվեցին, որ Բաքուն, դժգոհ լինելով հայկական կողմի առաջադրած օրակարգից, դարձյալ փորձում է Ռուսաստանի աջակցությամբ «խմբագրել» կարգավորման գործընթացը։ Այլ խոսքով՝ ստեղծվում է մի իրավիճակ, որը, շատերի կարծիքով, նման է 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդող փուլին։
Դժվար է ասել, թե որքանով են իրական հոռետեսական այս կանխատեսումները, սակայն փաստ է, որ մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բարձրաձայնեց, թե իր հայաստանյան գործընկերոջ հետ քննարկել է 2016-ի ռուսական կարգավորման ծրագիրը, այլ խոսքով՝ «լավրովյան» պլանը։ Ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը Լավրովն ավելի շուտ հաստատեց, քան հերքեց։ Իհարկե, Հայաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ հերքումով, սակայն փաստն այն է, որ մոսկովյան հանդիպումը բանակցային գործընթացում որոշակի տրամաբանություն է փոխել, ինչի դրսևորումներն են, թերևս, երեկվա կրակոցները։
Երեկվա սահմանային միջադեպի փաստն ավելի արտառոց է դառնում այն իմաստով, որ այն նախորդեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցին։ Կարելի է նույնիսկ պնդել, որ ադրբեջանական կրակոցները Մեդվեդևի «պատվին» էին։ Այլ հարց է, որ դժվար է հստակ կանխատեսել այդ կրակոցների ուղերձը։ Արդյոք Բաքուն վերադառնում է շանտաժի իր ավանդական քաղաքականությա՞նը՝ Մոսկվային ու նաև մյուս միջնորդներին հասկացնելով, որ դարձյալ մտադիր է դիմել կոշտ հռետորաբանության ու պատերազմի նախապատրաստություն տեսնել, թե՞ սա «ողջույն» էր Հայաստան ժամանող ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյային՝ ի նշանավորումն ռուս-ադրբեջանական հերթական սեպարատ համաձայնությունների։
Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տակավին օրերս Պեկինում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ ու, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև ԼՂ խնդիրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել