Տոնոյան․ Խաղաղության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է
«Մենք բոլորս մեծ անհանգստությամբ փաստում ենք միջպետական հարաբերություններում լարվածության աճը, անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացումը, հակամարտությունների գոտիների նկատելի ընդլայնումը ներպետական ճգնաժամների սրացման հետևանքով, նախևառաջ՝ էթնիկ և կրոնական հողի վրա», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ երեկ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովում:
«Միևնույն ժամանակ, մեր աշխարհն առավել փոխկապակցված է դարձել, երբ որոշակի տարածաշրջանի ցանկացած անկայունություն հղի է բացասական հետևանքներով ողջ աշխարհում: Նման իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է», - ընդգծել է Տոնոյանը՝ շարունակելով․ - «Վերոնշյալ հանգամանքները համաշխարհային հանրության առջև դինամիկ զարգացման խնդիրներ են դրել և ստեղծել խաղաղապահ գործողությունների մոտեցումներն ու չափանիշները վերանայելու նախադրյալներ, որոնք, իրենց ներկայիս ձևով, այնպես, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում համատեղ պարտավորությունների մասին Հռչակագրում, նկատելիորեն հնացած են՝ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունները»:
«Ասվածը ենթադրում է առաքելության լեգիտիմության, գործընկերների հետ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային ուժերի կազմի և նրանց ներգրավման կամ հաշտեցման կանոնների վերաբերյալ դիսկուրսի վերսկսում: Լեգիտիմությունն այն պայմանն է, որը հիմնված է որոշակի լսարանների կողմից օրինականության, բարոյականության, կամ մի շարք գործողությունների՝ ճիշտ լինելու ընկալման վրա, և այն խաղաղապահության խնդիրների մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում, ունենալով երկու առանցքային կողմ` ընդունող երկրի կառավարության և միջազգային առաքելության օրինականությունը (լեգիտիմությունը)», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: - «Մասնավորապես, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու դեպքում միջազգային հանրությունը պետք է խստորեն հետևի ՄԱԿ-ի երկու հիմնարար սկզբունքներին՝ միջազգային առաքելությունը պետք է իրականացվի առնվազն ընդունող երկրի օրինական իշխանությունների համաձայնությամբ, և խաղաղապահ ուժերը խնդիրներ են կատարում առանց նախապաշարումների և բացարձակապես անկողմնակալ»:
Առաքելության տարբեր գործընկերների, կամ առնվազն՝ շահագրգիռ կողմերի միջև փոխգործակցության խնդիրը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի, ընդգծել է Տոնոյանը: Վերջապես, նրա խոսքով, խաղաղապահ ուժերը պետք է ունենան ռացիոնալ մանդատ և պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացմանը՝ գործելով բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի և առաջադրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել