«Դոնբասի օկուպացման անձնագրային փուլը»․ Կիևը դատապարտում է Պուտինի որոշումը
«Ամբարտավան քայլ, որը հակասում է Մինսկյան համաձայնություններին», «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլը»․ այսպես է արձագանքում պաշտոնական Կիևը Ռուսաստանի նախագահի աղմկահարույց որոշմանը՝ Դոնբասի բնակիչներին պարզեցված կարգով ռուսաստանյան քաղաքացիություն տրամադրելու մասին: Ուկրաինայի իշխանությունները արևմտյան գործընկերներին խնդրում են նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:
Վլադիմիր Պուտինի կողմից նախօրեին ստորագրված հրամանագրով դյուրացվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած: Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրի համաձայն՝ այդ որոշման նպատակը քաղաքացու և մարդու ազատության և իրավունքի պաշտպանությունն է:
«Զուտ մարդասիրական բնույթի որոշում», - իր հրամանագիրն այսպես է բնութագրել Պուտինը, ով այն ստորագրել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից ընդամենը երեք օր անց:
«Որևէ ցանկանություն չունենք Ուկրաինայի նոր իշխանությունների համար խնդիրներ ստեղծելու, սակայն հանդուրժել այս իրավիճակը, որի հետևանքով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ապրող մարդիկ զրկված են որևէ քաղաքացիական իրավունքներից, այլևս անցնում է բոլոր սահմանները՝ մարդու իրավունքների տեսանկյունից», - մեկնաբանել է Ռուսաստանի նախագահը:
Ուկրաինայի իշխանությունները դատապարտել են Կրեմլի որոշումը՝ հայտարարելով, որ հարցն առաջիկայում կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Արտգործնախարար Պավել Կլիմկինը Դոնբասի հայրենակիցներին կոչ է արել չընդունել Կրեմլի այդ առաջարկը:
«Ռուսաստանը ձեզ զրկել է ներկայից, այժմ փորձում է զրկել նաև ապագայից»,- Թվիթերում գրել է Կլիմկինը:
«Այդ ամբարտավան քայլը հակասում է Անվտանգության խորհրդի հավանությանն արժանացած Մինսկյան համաձայնություններին», - հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբը նույնպես անդրադարձել է Կրեմլի որոշմանը՝ հայտարարելով, որ ռուսական կողմի այդ քայլը չի նպաստում տարածաշրջանի հրադադարին։ Ուկրաինայի ընտրյալ նախագահի թիմը կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Մեր պետության վերահսկողությունից ժամանակավորապես դուրս գտնվող տարածքների Ուկրաինայի քաղաքացիներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու մասին հրամանագրով Ռուսաստանյան Դաշնությունն ընդունում է իր պատասխանատվությունը որպես օկուպանտ պետություն», - հայտարարել է Զելենսկու թիմը:
2014 թվականին Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո Դոնբասի շրջանում սկսվել է պատերազմ, որի հետևանքով ավելի քան 10 հազար մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ փախստական են դարձել:
Մոսկվան շարունակում է հերքել Ուկրաինայի արևելյան այդ շրջաններում ռուսամետ անջատականներին սատարելու վերաբերյալ Կիևի և արևմտյան երկրների մեղադրանքները, այդուհանդերձ, Միջազգային քրեական դատարանը դեռ 2016 թվականին հայտարարել է, որ «Ուկրաինայի արևելքում միջազգային հակամարտություն է Ուկրաինայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև»:
Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան անձնագիր տրամադրելու մասին խոսակցությունները հրապարակային դարձան անցյալ տարի ամռանը: Կրեմլի ղեկավարի մասնակցությամբ ավանդական «թեժ գծի» ժամանակ ուկրաինացի փախստական ներկայացած անձը, դիմելով Պուտինին, խնդրել էր վերանայել միգրացիոն օրենսդրությունը և մարդկանց ազատել փաստաթղթային քաշքշուկներից:
«Ես ինձ անհարմար եմ զգում, որ Ուկրաինայի փախստականները խնդիրներ ունեն», - այդ բողոքը լսելուց հետո դիմելով պաշտոնյաներին՝ ասել էր Ռուսաստանի նախագահը: «Նրանք կյանքի դժվարին իրավիճակում են գտնվում և մեզ համար օտար չեն», - հավելել էր նա՝ այդպիսով ազդարարելով գործընթացի մեկնարկը:
Ռուսաստանի արտգործնախարարության տվյալներով՝ 2017 թվականին ավելի քան 85 հազար ուկրաինացի ռուսաստանյան քաղաքացիություն է ստացել, 96 հազարն էլ՝ ժամանակավոր կացության թույլտվություն, նույն տարում ավելի քան 67 հազար ուկրաինացի Ռուսաստանում բնակություն է հաստատել:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ