Քաղաքապետարանի մրցույթները ձեւական են. հաղթում են քաղաքապետարանի աշխատողները
Քաղաքապետարանում ապրիլից պաշտոնյաների թափուր տեղերը լրացնելու մրցույթներ են անցկացվում։ Մասնակցությունն աննախադեպ է։ Հանրակրթության վարչության երեք-չորս տեղի համար, օրինակ, 160 մարդ է մասնակցել։ Մասնակիցները կարծում են, որ նոր ժամանակներում կանխորոշված մրցույթներ չեն լինում, բայց նրանց հաճախ հիասթափություն է սպասվում, ինչպես եղավ մեր զրուցակից Լ․-ի հետ։ Նա տարիներ շարունակ ուսուցչուհի է աշխատել։ Վերջերս մասնակցել է քաղաքապետարանի հանրակրթական վարչության երեք թափուր տեղերի համար մրցույթին, բարձր գնահատականներ է ստացել՝ 19, 20, բայց անցել են մարդիկ, ովքեր ժամանակավոր պաշտոններ են զբաղեցրել քաղաքապետարանում։
«Անցել են երեք-չորս ամսվա պայմանագրային աշխատողները, որոնք պետք է նշանակվեին։ Ինձ մրցույթի մասնակիցներից մեկն ասաց, որ ինչպես էլ պատասխանեմ, իրենց մարդիկ են անցնելու, ու այդպես էլ եղավ։ Հանրակրթության վարչությունում 60-ից ավելի մարդիկ գրավորից կտրվեցին, 100 հոգի մնացել էինք բանավոր քննությանը։ Իրենց ուզածներին պահեցին, մյուսներին կտրեցին»,- գանգատվում է Լ․-ն։ Նա դիմել է նաեւ անշարժ գույքի կառավարման կոմիտե՝ թափուր 5 տեղերից որեւէ մեկի համար, եւ կրկին չի անցել։ Առջեւում նաեւ քարտուղարության եւ տուրիզմի բաժնի թափուր տեղերի համար մրցույթներն են, եւ Լ․-ն առայժմ խուսափում է անունը հայտնելուց, քանի որ դեռ հույս ունի, որ կհաղթի։ Տուրիզմի բաժնի մրցույթից առաջ պատահաբար ծանոթացել է ապագա հաղթողի հետ։ «Լավ աղջիկ էր, նա ինձ ասաց, որ իզուր չչարչարվեմ, ինքն է հաղթող ճանաչվելու»։
Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը Լ․-ի պատմությունն անհեթեթություն է համարում։ «Անհեթեթ բաներ են ասել,- պատասխանեց նա մեզ, հավանաբար, կարծելով, որ այլմոլորակային ենք, մրցույթների հայաստանյան պրակտիկայից անտեղյակ։- Մրցույթը քաղաքապետի հրամանով ստեղծված հանձնաժողովն է անցկացնում, եւ մեր աշխատողներից որեւէ մեկը չկար այդ հանձնաժողովում։ Ոչ թե նշանակված մարդիկ էին, այլ մարդիկ, ովքեր աշխատել են մեզ մոտ, եկել է ժամկետը, եւ նրանք այլ պաշտոն են ուզել զբաղեցնել։ Դրա իրավունքը նրանք ունեն»։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մոտավորապես նույնն ասաց՝ որ բազմաթիվ դիմումատուների թվում եղել են քաղաքապետարանի աշխատողներ, որոնք պաշտոնական առաջխաղացման նպատակ ունեն։ Ըստ նրա՝ դեպքերը տարբեր են եղել․ «Եղել են մարդիկ, որոնք մի քանի ամիս է՝ ժամանակավոր պաշտոնակատարի տեղն էին զբաղեցնում եւ անցել են, եղել են պաշտոններ, որտեղ նոր մարդիկ են եկել, ու հաղթել են տարիներ շարունակ այդ պաշտոնը զբաղեցնողներին։ Հանրակրթության վարչությունում 4 թափուր տեղ է եղել, 4 հաղթողներից 3-ը նոր մարդիկ են՝ դրսից եկած։ Մինչեւ մայիսի վերջ այդ մրցույթները կշարունակվեն»։ Քաղաքացիներին, որոնք կասկածում են, որ մրցույթն արդար է անցկացվել, Հայկ Մարությանը խորհուրդ է տալիս բողոքարկել արդյունքը։
ՀԳ․ Ի դեպ, համայնքապետարանների աշխատակիցները համարվում են համայնքային աշխատողներ։ Մրցույթները կազմակերպում են համայնքները եւ տարածքային կառավարման նախարարությունը։ Լիազոր պետական մարմինը, որը պատասխանատու է թերացումների համար, տարածքային կառավարման նախարարությունն է։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է