ԱԱԾ-ն «ֆեյքերի» դեմ պայքարում եւ ընդհանրապես այդ ոլորտում անելիք չունի. Շուշան Դոյդոյան
Երկրի առաջին դեմքի կողմից «ֆեյքերի» դեմ պայքարի մասին հայտարարությունն անընդունելի է եւ կարող է մեզ շատ վտանգավոր տեղ հասցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հասարակական կարծիքը մանիպուլացնող «ֆեյքերի» դեմ պայքարելու մասին։
«Երբ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցնում են՝ ինչպե՞ս եք պայքարելու «ֆեյքերի» դեմ, ասում է՝ շատ զգույշ, այսինքն՝ չես հասկանում՝ որո՞նք են լինելու չափանիշները, իրավական մեխանիզմները, իրավական կարգավորումները, որոնցով առաջնորդվելու է ԱԱԾ-ն եւ ինչպես է ԱԱԾ-ն որոշակի արդյունք ապահովելու ու ցույց տալու վարչապետին։ Բնականաբար, նման կարգավորումներ չկան ու չեն էլ կարող լինել, որովհետեւ ԱԱԾ-ն ընդհանրապես այդ ոլորտում անելիք չունի»,- նշեց նա։
Շուշան Դոյդոյանը հիշեցրեց՝ յուրաքանչյուր անձ ունի անանուն կամ կեղծանունով հանդես գալու իրավունք, իսկ եթե դրանում հանցակազմ կա, կարելի է պարզապես հայց ներկայացնել դատարան. «Իսկ ինչ վերաբերում է գրառման մեջ հանցակազմին, կլինի «ֆեյք» թե անուն-ազգանունով մեկը, եթե այնտեղ կա բռնության կամ ատելության կոչ, դրանք այլ իրավահարաբերություններ են։ Շատ հարցեր, որ վարչապետը նշում է, քաղաքացիաիրավական հարաբերություններ են, մեր օրենսդրությամբ հանգիստ կարող է կարգավորվել։ Եթե որեւէ քաղաքական գործիչ կամ պաշտոնյա դժգոհ է այս կամ այն հրապարակումից, համարում ես, որ դա իրականությանը չի համապատասխանում, կարող ես հայտ ներկայացնել լրատվամիջոցի կամ քաղաքացու դեմ՝ պահանջելով հերքում, փոխհատուցում կամ ներողություն։ Բացի այդ յուրաքանչյուր անձ ունի անանուն կամ կեղծանունով հանդես գալու իրավունք։ Դա ազատ արտահայտվելու իրավունքի բաղկացուցիչ մասն է։ Միայն այն բանի համար, որ մարդն իր անունով հանդես չի եկել, պատասխանատվությունից խոսելը ժամանակավրեպ է»։
Բացի այդ, նրա խոսքով, նման հանկարծակի, պահի ազդեցության տակ հայտարարությունները շատ վտանգավոր են եւ ուղղակի հարվածում են վարչապետի հեղինակությանը։
Խոսելով միջազգային պրակտիկայի մասին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիրը նշեց, որ այդ խնդրի դեմ աշխարհն էլ դեռ լուծումներ չի գտել. «Պետք էր հասկանալ խնդիրը եւ փորձել գտնել լավագույն լուծումները, որոնք սակայն ամբողջ աշխարհում էլ գտնված չեն։ Ֆրանսիայում մի քանի ամիս առաջ ընդունել էր «ֆեյքերի» դեմ պայքարի մասին որոշում, դա աշխատում է իր դեմ։ Պետք է հանգամանալից քննարկել խնդիրը՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը, ոչ թե ԱԱԾ-ին հրավիրել միջամտելու, իսկ թե ԱԱԾ–ն ոնց պիտի միջամտի, չի էլ պատկերացնում։ Արդյունքում մենք ունենալու ենք լուրջ քննադատությունների դեմ ուղղված քայլեր, ոչ թե, ինչպես վարչապետն է նշում, մանիպուլյատիվ քննադատությանը։ Սա պահի տակ արված հայտարարություն էր»։
Նա նաեւ շեշտեց՝ եթե կառավարությունը հասարակության հետ շփման ամենաարդյունավետ գործիքը համարում է ֆեյսբուքը, պետք է պատրաստ լինի կրելու նաեւ դրա կողմնակի ազդեցությունները. «Չես կարող օգտվել ֆեյսբուքի միայն դրական կողմերից, իսկ եթե օգտվում ես դրական կողմերից, պատրաստ եղիր նաեւ առերեսվել բացասական կողմերին»։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիրը ամփոփելով հորդորեց «ֆեյքերի» դեմ պայքարի փոխարեն բարձրացնել մարդկանց մեդիագրագիտությունը։ «Եթե կառավարությունը քայլեր ձեռնարկի մեդիագրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ, շատ ավելի օգտակար կլինի, քան նման հայտարարություններով հանդես գալը»,- եզրափակեց նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ