Նախագահ Քոչարյանի հրամանագիրը երբևիցե չի ճանաչվել հակասահմանադրական. Իրավաբան
«Փաստ»-ը գրում է.
«2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված տեսակետներն ու գնահատականները բավականին իրարամերժ են, այդ թվում՝ իրավական հարթության մեջ: «Փաստ»-ը սկսում է փորձագետների հետ զրույցների շարք, որոնք կներկայացնեն իրենց տեսակետները թե՛ այս, թե՛ հասարակական հնչեղություն ներկայացնող այլ հարցերի վերաբերալ: Այս անգամ զրուցել է GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանի հետ:
Նախ վերջինիցս հետաքրքվել են, թե որքանով էր իրավաչափ ՀՀ նախագահի՝ արտակարգ դրության հրամանագիրը:
«Պատասխանը միանշանակ է՝ միանգամայն իրավաչափ է: Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախագահը լիազորված էր հայտարարելու արտակարգ դրություն։ 2008 թվականի մարտի 1-ին Նախագահն արտակարգ դրություն հայտարարելիս անմիջապես հաշվի է առել Սահմանադրության մեջ նշված հիմքերը։ Հրամանագրի նպատակն էր կանխել երկրում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը»,- ասել է Ս.Գրիգորյանն ու հավելել, որ արտակարգ դրությունը ոչ թե ստեղծվել է նախագահի հրամանագրից հետո, այլ իրավաբանորեն ամրագրել է առկա դրությունը Երևանում` սահմանադրական կարգին սպառնացող վտանգը պետական ինքնիշխանության, ամբողջականության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։
«2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի նպատակն էր գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին։ Ունենալով սահմանադրական վերահսկողության ֆունկցիա՝ Ազգային ժողովը հայտարարել է, որ նախագահի հրամանագիրը անհրաժեշտ է և իրավաչափ։ Ավելին, Նախագահի հրամանագիրը երբևիցե չի ճանաչվել հակասահմանադրական»,- գնահատել է իրավաբանը։ Իսկ արդյո՞ք հրամանագիրը համապատասխանում է միջազգային իրավունքին:
«Միջազգային իրավունքի առումով ևս ավելի քան հստակ է` սահմանադրական կարգին, հասարակության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, իշխանությունները կարող են հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցաումներ` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը։ Միջազգային պրակտիկան սահմանում է, որ հասարակության անվտանգությունը ապահովելը նախևառաջ տվյալ պետության պատասխանատվությունն է, այսինքն` հանրային մարմինները ունեն գործունեության ազատություն, որը սահմանափակված է, օրինակ` եվրոպական հանրության վերահսկողությամբ»,- ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ այդմ, 2008 թվականի մարտի 1-ին հայտարարած արտակարգ դրությունը թե՛ ընթացակարգային և թե՛ իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։
«Ավելին, այդ հրամանագրի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին երբևիցե չի վիճարկվել, ներառյալ՝ որևէ միջազգային կառույցի կողմից»,- ասել է Սարգիս Գրիգորյանը։
Այդուամենայնիվ, իրավիճակին հստակ գնահատական տալու անհրաժեշտություն կա, առաջին հերթին՝ իրավական առումով:
«Իրավական անկողմնակալ գնահատական տալիս անհրաժեշտ է հաշվի առնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների բոլոր փաստական հանգամանքները, մասնավորապես` ցուցարարների ոչ խաղաղ լինելու փաստը»,- ասել է իրավաբանը: -Սահմանադրությունը հստակ լիազորել էր Նախագահին իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Կարծում եմ՝ այդ միջոցառումները համապատասխանում էին միջազգային իրավունքի սկզբունքներին` իրավաչափությանը, անհրաժեշտությանը և համաչափությանը, օրինակ` ՄԱԿ-ի՝ ուժի և հրազենի կիրառման հիմնարար սկզբունքները»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին