Միքայել Մինասյան. «Ի հիշատակ երկու պապերիս հինել ենք կրթամշակութային հիմնադրամ»
Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
Սիրելի՛ ընկերներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ իմ ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ ի հիշատակ երկու պապերիս՝ անվանի գիտնական ու քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի:
Լուսանկարում պապերս են, մարդիկ, որոնք անսահման սիրել են իրենց երկիրն ու մասնագիտությունը, ունեցել են առաքելության զգացում և մեծ գործեր անելու նվիրում։
Հայրական պապս՝ Միքայել Մինասյանը, տարբեր պաշտոններ զբաղեցնելու հետ մեկտեղ, երբեք չի հեռացել գիտությունից: Լինելով միջազգայնագետ-պատմաբան՝ նա համատեղել է գիտական ու քաղաքական գործունեությունը, եղել է ամբիոնի վարիչ, արժանացել է պրոֆեսորի կոչման:
Պրոֆեսոր Մինասյանն իր գիտելիքներն ու փորձը ներդրել է նաև բացահայտելու քաղաքական լիդերի և քաղաքական էլիտայի էությունը: Նա համոզված էր, որ քաղաքական լիդերին զսպող ամենահզոր ուժն ու սխալներից պաշտպանողը պատմության առջև պատասխանատվության զգացումն է: Իր գրքերում նա նշում էր, որ քաղաքական գործիչը չի կարող հաջողության հասնել, եթե չգիտի կամ չի կարևորում պատմությունը: Նրա գնահատմամբ՝ պատմությունը փաստերի ոչ թե այսրոպեական, այլ ընդհանրական ընկալումն է, իսկ իրական լիդեր նա է, ով ի զորու է ընկալել և ճիշտ վերլուծել պատմությունն ու իր դերը պատմության շրջապտույտում:
Նա պնդում էր, որ պատմությունը երկրի վերնախավի համար ոչ միայն իմացություն է, այլև պատասխանատվության մեծ բեռ:
Մայրական պապս՝ Գրիգոր Հասրաթյանը, ևս քաղաքական գործունեությանը զուգահեռ զբաղվել է գիտությամբ: Պապս ինչ պաշտոնում էլ լիներ` հավատում էր, որ մեծ արդյունքի կարելի է հասնել միայն մեծ երազանք ունենալու դեպքում, որին տանող ճանապարհը պետք է հարթել մշակույթի միջոցով։ Ընդ որում, մշակույթ ասելով նա նկատի ուներ ոչ թե «հայկական մշակույթը հայերի համար», այլ «հայկական մշակույթն աշխարհի համար»։ Նա հավատում էր, որ պետք է բաց լինել աշխարհի առջև, դառնալ համաշխարհային հանրության մասը և ստեղծել զուտ հայկական, բայց աշխարհին հասկանալի ու մրցունակ մշակութային արժեքներ։ Նա համոզված էր, որ մշակույթը պահպանելուն զուգընթաց պետք է միշտ առաջ շարժվել:
Երկու պապերս էլ թողել են մեծ մշակութային ժառանգություն, որը կարելի տեսնել պարզապես զբոսնելով Երևանի փողոցներում:
Ուստի մեզ՝ նրանց ընտանիքների անդամների համար, մեծ պատասխանատվություն է շարունակելու այն գործը, որով ապրել են նրանք։ Այդ պատճառով մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը։
Հիմնադրամն ունենալու է 2 հիմնական ուղղություն. «Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով: Իսկ «Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:
Մեր երկու ընտանիքներն այս որոշումն ընդունել են պատասխանատվության մեծ զգացումով ու հավատով` ապագայի նկատմամբ։ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել