Կառավարության ծրագիրը հենց ծրագրի բացակայությունն է
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի կառավարության հերթական նիստը, որն ինչպես անցած հինգ ամիսների գրեթե բոլոր նիստերը, իր խարիզմատիկ, հուսադրող, հավատ ներշնչող որոշումներով աչքի չընկավ։
Գործադիրը հրաժեշտ տվեց կոալիցիոն նախկին գործընկերների ներկայացուցիչներին, խոսվեց համաներման մասով դռնփակ նիստ գումարելու մասին և Ազգային ժողովին առաջարկվեց հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ գումարել: Իսկ արտահերթ նիստի թեման Ֆրանկոֆոնիայի հետ կապված ընդամենը աշխատանքային-ոչ աշխատանքային օրերին է վերաբերում։
Ակնկալելի էր, որ Կառավարությունը գոնե այս անգամ կքննարկի լուրջ և համարձակ նախագծեր, որոնք կհավակնեն մեզ համար ապահովել դեռ հեղափոխության օրերից խոստացված թռիչքային աճը։
Երբ ամիսներ առաջ Ազգային Ժողով ներկայացվեց Կառավարության ծրագիրը և տպավորվեց նախևառաջ որպես «երջանկության և երազանքի ծրագիր», շատերս ըմբռնումով մոտեցանք՝ հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ։ Սակայն, առ այսօր՝ 5 ամիս անց, մենք գրեթե ոչ մի լուրջ ծրագիր, ոչ մի համարձակ նախագիծ չտեսանք Կառավարության կողմից․ միայն պոպուլիստական հայտարարություններ, շոու-ծրագրեր և նոր պարտքեր՝ երկրի ուսերին։
«Ժողովրդի» վստահության արդյունքում ձևավորված կառավարությունն առ այսօր ոչ միայն գործնական հավակնոտ ծրագիր չունի, այլև բաց չէ նոր գաղափարների, նոր մոտեցումների համար։ Այդ կառավարությունը պատրաստ չէ ոչ մի տեսակ երկխոսության, ոչ մի տեսակ քննարկման և չի հանդուրժում որևէ քննադատություն։ Այսինքն, այսօր փաստացի ունենք մի կառավարություն, որը չի ներկայացնում ոչ մի տեսլական և չի էլ ընդունում այլոց տեսլականներն ու առաջարկները։ Տպավորություն է՝ Կառավարության ծրագիրը հենց ծրագիր չունենալն է։
Երկրի զարգացման ռազմավարության տեսանկյունից ունենք դատարկություն, ոչ մի տեղ չտանող «երազանքի «ծրագիր», տեխնոկրատ հասարակություն ստեղծելու մասին ինչ-որ կցկտուր և ոչ առարկայական հայտարարություններ, և․․․․այսքանը։
Սա շատ վտանգավոր է ոչ միայն երկրի համար, այլև հենց իրենց համար։ Վաղ թե ուշ հեղափոխական էյֆորիան կանցնի և մարդիկ կսկսեն կոնկրետ քայլեր պահանջել, կոնկրետ գործողություններ։ Կզգան հերթական անգամ խաբված լինելու ապտակը, և այդ ժամանակ կգա նաև նրա՛նց հաշվետվություն տալու ժամանակը։
Վերջին հաշվով կոնկրետ գործերի, քայլերի, ծրագրերի և տեսլականների բացակայությունը կապել խորհրդարանական ուժերի հարաբերակցուրթյան հետ պարզապես ծիծաղելի է: Ավելին այդ մասին անգամ շեշտեց Փաշինյանի գլխավոր խորհրդականը:
Կառավարությունը չի՛ պատկերացնում այն բեռը, որն այժմ իր ուսերին է տանում։ Չի գիտակցում նաև պատասխանատվության աստիճանն ու չհաջողելու դեպքում՝ մեղքի ծանրությունը։ Իսկ չհաջողելու առաջին քայլը հավակնոտ ծրագրի բացակայությունն է։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ