Միևնույն ժամանակ, ողջ աշխարհում էներգակիրների և սննդամթերքի գների կտրուկ աճը դատարկում է տնային տնտեսությունների բյուջեները: Առանձնապես ծանր վիճակում են հայտնվել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները, որոնք առանց այդ էլ հյուծված են եղել տարիներ տևած տնտեսական ցնցումներից, պարտքային ճգնաժամերից ու կլիմայական արհավիրքներից:
Այս ֆոնին, կանխատեսումների համաձայն, նավթային 6 խոշորագույն կորպորացիաների շահույթը կաճի 80%-ով (+68 միլիարդ դոլար)՝ նախապատերազմյան սպասումների համեմատ:
2026 թվականի արդյունքներով՝ նրանց ընդհանուր շահույթը կարող է հասնել 152 միլիարդ դոլարի, ինչը համարժեք է օրական 416 միլիոն դոլարի:
Գերշահույթների էստաֆետը փոխանցվել է նաև այլ ոլորտների. պարարտանյութ արտադրող համաշխարհային երեք առաջատար ընկերությունները նախապատերազմյան գնահատականների համեմատ ակնկալում են շահույթի 23% աճ (+928 միլիոն դոլար): Միջին հաշվով՝ G7-ի երկրներում գլխամասեր ունեցող խոշորագույն կորպորացիաների ընդհանուր շահույթը նախապատերազմյան կանխատեսումները կգերազանցի 413 միլիոն դոլարով:
«Հակամարտությունները կործանում են ամբողջական պետություններ և անթիվ կյանքեր խլում, բայց ոմանց համար դրանք արտակարգ շահութաբեր են դառնում,- հայտարարել է «Oxfam International»-ի գործադիր տնօրեն Ամիտաբհ Բեհարը:- Մենք գործ ունենք մի դաժան համակարգի հետ, որը հարստությունը վերաբաշխում է ներքևից վերև՝ բանվորներից՝ բաժնետերերին, ամենաաղքատներից՝ ամենահարուստներին, և նրանցից, ովքեր ազդեցության նվազագույն լծակներ ունեն, նրանց, ովքեր առանց այդ էլ ունեն դրանց ավելցուկը: Մինչ սովորական ընտանիքները ստիպված են հրաժարվել օրական հերթական սննդից, իսկ կառավարությունները կրճատում են կենսական նշանակություն ունեցող օգնության ծրագրերը, մենք ականատես ենք լինում միլիարդատերերի այլանդակ խրախճանքին»:
«Oxfam»-ի փորձագետները ընդգծում են՝ մյուս վեց երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Միացյալ Թագավորության (G6) առաջնորդները պետք է դադարեն համաշխարհային ասպարեզում ԱՄՆ վարչակազմի կործանարար գործողությունները որպես արդարացում օգտագործել սեփական անգործության համար: «Մեծ վեցնյակի» երկրներն ունեն հսկայական անկախ ֆինանսական ու դիվանագիտական ազդեցություն, սակայն նախընտրում են չօգտագործել այն:
2024-2025 թվականների ընթացքում «Մեծ յոթնյակը» կրճատել է Զարգացման պաշտոնական աջակցության (ԶՊԱ) գումարը՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին տրամադրվող օգնությունը նվազեցնելով 48 միլիարդ դոլարով: Այս գումարը ճշգրտորեն հավասար է այն հարստությանը, որը G7-ի միլիարդատերերը կուտակել են նույն ժամանակահատվածի ընդամենը ինը օրվա ընթացքում:
Այս անգործության գինը մարդկության համար աղետալի է։ Այն պահից ի վեր, երբ Ֆրանսիան վերջին անգամ նախագահում էր G7-ում, աշխարհում ամեն րոպե 44 մարդ է հայտնվել հումանիտար ճգնաժամի մեջ։ Բազմակողմ դիվանագիտության սկզբունքները հետևողականորեն ոչնչացվում են՝ սկսած Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի կանխարգելելի ճգնաժամից, մինչև Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանությունը։ Վերջինս G7-ի անգործության ամենածայրահեղ դրսևորումն է, քանի որ «Յոթնյակի» և ոչ մի երկիր այդպես էլ զենքի էմբարգո չսահմանեց Իսրայելի նկատմամբ և չդադարեցրեց այն սպառազինության մատակարարումը, որն օգտագործվում է հանցագործություններ կատարելիս։
«Այս գագաթնաժողովում նախագահ Թրամփի ներկայությունն ապահովելու համար, նախագահ Մակրոնը համաձայնել է օրակարգից հանել կլիմայական ճգնաժամի, խորացող անհավասարության և համաշխարհային մարտահրավերներին համակարգված արձագանքելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումները,- ընդգծել է Բեհարը։- Վաշինգտոնին հաճոյանալու համար պաշտոնական ծրագրից ջնջվել են նույնիսկ այնպիսի բառեր, ինչպիսիք են «գենդեր»-ը կամ «կլիմա»-ն։ Կոլեկտիվ կառավարման սկզբունքները պաշտպանելու փոխարեն Մակրոնն ու իր գործընկերները խրախուսում են դրանց կործանումը։ Եվ դրա գինը լինելու են մարդկային կյանքերը»։
«G6-ի առաջնորդները չեն կարող արդարանալ լիազորությունների բացակայությամբ,- հավելել է Բեհարը։- Նրանք ի վիճակի են զրոյացնել պարտքերը։ Նրանք կարող են հարկել կորպորացիաների չնախատեսված գերշահույթներն ու հեքիաթային հարստությունը։ Նրանք կարող են նախաձեռնել Փոխառության հատուկ իրավունքների (SDR) նոր թողարկում և ուղղակի օգնություն տրամադրել ամենաաղքատ երկրներին։ Սեփական անգործությունը Վաշինգտոնի դիրքորոշմամբ արդարացնելը դիվանագիտություն չէ, այլ պարզապես վախկոտություն: Նման կեցվածքը միայն կուրվագծի G6-ի վերջը և այն կվերածի աշխարհի համար ոչ պետքական մի կառույցի»։
«Oxfam»-ի չորս պահանջները G7-ի առաջնորդներին (իսկ G6-ին՝ ինքնուրույն կարգով).
Համաշխարհային անհավասարությունը կրճատելու համար հարկեր սահմանել կորպորացիաների գերշահույթների և մուլտիմիլիարդատերերի ակտիվների վրա։
Սառեցնել և չեղարկել պարտքերը։ Կրկնել COVID-19 համավարակի ժամանակ կիրառված հակաճգնաժամային սցենարը՝ անհապաղ կասեցնելով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների բոլոր երկկողմ պարտքային վճարումները, ինչպես նաև օրենսդրական մեխանիզմների միջոցով ստիպել մասնավոր վարկատուներին միանալ այս քայլին: Չեղարկել այն անտանելի պետական պարտքերը, որոնք զարգացող երկրներին ստիպում են կրճատել առողջապահության և կրթության ծախսերը։
Մեծացնել հումանիտար օգնության ծավալները։ Կատարել Զարգացման պաշտոնական աջակցության (ԶՊԱ) գծով ստանձնած պարտավորությունները՝ վերադառնալով համախառն ազգային եկամտի (ՀԱԵ) 0,7%-ի թիրախային ցուցանիշին։
Ազատականացնել համաշխարհային իրացվելիությունը։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջոցով աջակցել Փոխառության հատուկ իրավունքների (SDR) անհապաղ նոր թողարկմանը՝ դրանք բաշխելով քվոտաներից անկախ, որպեսզի զարգացող տնտեսություններին տրամադրվի անհրաժեշտ իրացվելիություն՝ առանց նրանց պարտքային բեռն ավելացնելու: Զուգահեռաբար, միջազգային ֆինանսական կառույցները պետք է գործարկեն արտակարգ վարկավորման ծրագրեր (առանց կոշտ նախապայմանների)։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
Քաղաքացիների արձագանքներն ընտրություններին
Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը