Ընտրական տրամադրությունները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ․ IRI-ը հարցման նոր արդյունքներ է հրապարակել
Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է մայիսի սկզբին անցկացրած հարցման արդյունքները, որոնք ներկայացնում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորված քաղաքական տրամադրությունները և հանրային ընկալումները։ Կառույցը հարցում էր իրականացրել նաև փետրվարին։ Ուշագրավ է, որ պատասխանների մի մասը էականորեն փոփոխվել է։ Հարցման արդյունքները ցույց են տալիս ոչ միայն քաղաքական ուժերի նկատմամբ վստահության, այլև երկրի զարգացման ուղղության և հիմնական խնդիրների վերաբերյալ հասարակական տրամադրությունների փոփոխությունները։
Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ընտրողների 38 տոկոսը կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է մայիսի սկզբին 1511 քաղաքացիների շրջանում իրականացրած հարցման արդյունքները։
Ըստ դրանց՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքացիների 7 տոկոսը պատրաստվում է քվեարկել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին, 4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Գուրգեն Սիմոնյանի ղեկավարած «Հայաստանի Շնորհապետական» կուսակցության, ևս 2 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։
Հարցված քաղաքացիների 1-ական տոկոսի աջակցություն ունեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը, երրորդ երկիր արտաքսված, բայց դեռ ԱՄՆ-ում գտնվող Վարդան Ղուկասյանի «ԴՕԿ» կուսակցությունը և բոլորից տարբերվող քարոզարշավ իրականացնող «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։
Միևնույն ժամանակ, հարցվածների 43 տոկոսը կամ հրաժարվել է նշել իր նախընտրած ուժին, կամ նշել է, որ վերջնական որոշում դեռ չունի։ Ընդ որում, հարցվածների 81 տոկոսը լիովին վստահ է իր ընտրության հարցում, իսկ 8 տոկոսը նշել է, որ թեև հիմնականում կողմնորոշված է, բայց մինչև ընտրության օրը դեռ կարող է փոխել որոշումը։
Հարցման մասնակիցների 34 տոկոսն էլ վստահ է, որ ընտրությունները միանշանակ կլինեն ազատ ու արդար, 37 տոկոսը՝ հավանաբար ազատ ու արդար։
Ո՞ր քաղաքական գործչին եք ամենաշատը վստահում հարցին՝ քաղաքացիները պատասխանել են։
«29 տոկոսը նշել է Նիկոլ Փաշինյանի անունը, 9 տոկոսը՝ Սամվել Կարապետյանի, 5 տոկոսը՝ Արարատ Միրզոյանի, իսկ 4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի։ Միջազգային հանրապետական ինստիտուտի այս տարվա փետրվարյան հարցման համեմատ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունն աճել է 9 տոկոսային կետով, մինչդեռ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ցուցանիշները նվազել են 1-ական տոկոսային կետով»։
Հարցման տվյալները քաղաքական նախասիրությունները բացահայտում են նաև ըստ հարցվողների տարիքի։ Այսպես, երիտասարդների շրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ի աջակցության մակարդակը համեմատաբար ցածր է, իսկ 56 տարեկանից բարձր ընտրողների շրջանում՝ բավականին բարձր է։ Հարցված երիտասարդների միայն 15 տոկոսն է նշել Նիկոլ Փաշինյանի անունը, մինչդեռ 56 տարեկանից բարձր հարցվածների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 45 տոկոսի։
«Հարցման արդյունքներով՝ մասնակիցների 61 տոկոսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, 28 տոկոսը հակառակ կարծիքին է՝ նշելով, որ զարգացումները սխալ ուղղությամբ են գնում։ Փետրվարյան տվյալների համեմատ՝ ճիշտ ուղղության մասին կարծիք հայտնողների թիվն աճել է 14 տոկոսային կետով, իսկ սխալ ուղղություն նշողների բաժինը նվազել է 13 տոկոսային կետով»։
Հարցվածների 17 տոկոսը Հայաստանի գլխավոր խնդիր է համարում անվտանգային և սահմանային իրավիճակը։ Փետրվարին այդ կարծքին էր հարցվածների 21 տոկոսը։ Երկրորդ ամենակարևոր խնդիրը, ըստ մասնակիցների, տնտեսությունն ու գործազրկությունն է։ Այդ պատասխանն է տվել հարցվածների 15 տոկոսը։ 10 տոկոսը որպես լուրջ խնդիր նշել է բարձր գները։
Հարցումն այս անգամ էլ, ինչպես փետրվարին, փորձել է պարզել նաև, թե որոնք են ամենավստահելի կառույցները։ Եռյակը չի փոխվել․ հարցման մասնակիցների մեծամասնության համար ամենավստահելի կառույցը հայկական բանակն է։ երկրորդը՝ Հայ առաքելական եկեղեցին, երրորդը՝ մարզպետարանները։ Վստահության ամենափոքր տոկոսը դատարաններինն է։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ