Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում մասնակցել է «MindX» միջազգային կրթական համաժողովի բացմանը` «Վերաիմաստավորելով կրթությունը՝ հանուն Հայաստանի ապագայի» խորագրով:
Համաժողովը կազմակերպվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր և քննարկել, թե ինչպես կարող է Հայաստանի կրթական էկոհամակարգը խթանել նորարարությունը, զարգացնել մրցունակ աշխատուժը և նպաստել տնտեսական աճին։
Միջոցառմանը մասնակցել են նաև «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կրթության և հմտությունների վարչության տնօրեն Անդրեաս Շլայխերը, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային ցանցի եվրոպական տարածաշրջանի ղեկավար Անդրեա Պաստորելլին, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռենատա Լեմոսը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր Մարի Լու Փափազյանը, կրթական ոլորտի շահառուներ՝ ուսուցիչներ, դպրոցականներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն արձանագրել է՝ կրթական համաժողովների հանդեպ հետաքրքրությունը մեծ է․ դա վկայում է մասնագիտական երկխոսության մասին, որը կրթության զարգացման կարևոր պայմաններից է։
«Միմյանց հետ կիսելով տարբեր մտքեր, պատկերացումներ և դիտանկյուններ՝ պետք է գտնենք կրթության համակարգի ռազմավարական խնդիրների լուծման լավագույն ճանապարհները։ Եթե քիչ ենք խոսում միմյանց հետ, ապա համապատասխանաբար քիչ արդյունք կունենանք դասարանում և, ընդհանրապես, երեխայի զարգացման գործընթացում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ քննարկումները նպաստում են կրթական արդյունքի բարելավմանը:
Նախարարի խոսքով՝ կրթական համակարգում ընթացող փոփոխություններն ավելացնում են ուսուցչի ծանրաբեռնվածությունը, ուստի ներկա պայմաններում նրա բարեկեցության հարցը դառնում է առանցքային կրթության որակի արդյունքի տեսանկյունից։
«Որակյալ կրթությունը հնարավոր է միայն այն միջավայրում, որտեղ ուսուցիչը, աշակերտը և գործընթացի յուրաքանչյուր մասնակից իրեն պաշտպանված, ապահով և արժանապատիվ է զգում»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ վախն ու անորոշությունը խոչընդոտում են ճանաչողության գործընթացին։
Նրա խոսքով՝ կրթության վերաբերյալ քննարկումներում կարևոր տեղ է զբաղեցնում նաև արհեստական բանականության թեման, որը կարող է լինել թե՛ անհանգստության աղբյուր, թե՛ օգտակար գործիք՝ կախված դրա կիրառման ձևից։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԱԲ գործիքների կիրառման առումով կրթության ոլորտում առկա բազմաթիվ հարցերի պատասխանները միանշանակ չեն․ տարբեր մոտեցումներ կարող են տարբեր արդյունքների հանգեցնել, և այս համատեքստում կարևոր է մանկավարժության դերը՝ որպես ուղղորդող գործիք։
ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ համաժողովի քննարկումները կօգնեն մասնակիցներին մոտենալ կարևոր հարցերի պատասխաններին՝ ստեղծելով միասնականության զգացում։
Ելույթի ավարտին Ժաննա Անդրեասյանը պատմական անդրադարձ է կատարել՝ նշելով, որ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին նախարարությունը կրել է Հանրային կրթության և արվեստի նախարարություն անվանումը, և կրթությունը համադրված է եղել մշակույթի հետ, ինչպես այսօր է: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև «հանրային կրթություն» հասկացությունը՝ ընդգծելով, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլև հանրային բարիք, որը նպաստում է հասարակության զարգացմանը։
«Հետագա տարիներին նախարարությունն ունեցել է նաև մեկ այլ անվանում՝ Լուսավորության նախարարություն։ Կարծում եմ՝ այդ անվանումը փոխանցում է այն ջերմությունը, անկեղծությունն ու անմիջականությունը, որոնք պետք է լինեն կրթության անբաժանելի մասը։ Կրթությունը պետք է լուսավորի մեզ, լուսավորի հասարակությանը, թևեր տա մեր երեխաներին։ Հուսով եմ՝ մտքի այս խաչմերուկում կգտնենք այն ճանապարհները, որոնք մեզ կտանեն դեպի նոր ու լուսավոր բարձունքներ»,– ասել է նա։
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված են զեկույցներ, պանելային քննարկումներ, ելույթներ և համագործակցային ձևաչափեր, որոնք կանդրադառնան կրթության ապագային, արհեստական բանականության և տվյալների դերին ուսուցման մեջ, ինչպես նաև կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության միջև կապերի խորացմանը։ Կազմակերպիչների խոսքով՝ «MindX»-ը նպատակ ունի դառնալ այն հարթակը, որտեղ կրթությունը, նորարարությունը և համագործակցությունը միավորվում են՝ նպաստելով Հայաստանի ստեղծարար և տեխնոլոգիական ապագայի ձևավորմանը։
ԿԳՄՍ նախարարը նաև հետևել է միջոցառման շրջանակում կազմակերպված նախագծային աշխատանքների ցուցահանդեսին, զրուցել դպրոցականների հետ և հետաքրքրվել նրանց նախասիրություններով, ներկայացված աշխատանքների թեմատիկ ուղղություններով:


















































Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել