Բիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտը
Microsoft-ի հիմնադիր, Բիլ և Մելինդա Գեյթսների հիմնադրամի նախագահ Բիլ Գեյթսն օրերս այցելել է Չինաստան, որտեղ եղել է հարավային Հայնան նահանգում։ Ինչպես հայտնում է «Դիի ցայցզին» պարբերականը, ՉԺՀ-ում նա քննարկել է գյուղատնտեսության, առողջապահության և արհեստական բանականության հետ կապված տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։ Գեյթսը եղել է նաև Շանհայում, որտեղ ծանոթացել է ագրարային տեխնոլոգիաների, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև մայրական և մանկական առողջության պահպանման ոլորտներում Չինաստանի ձեռքբերումներին։ Պարբերականին տված հարցազրույցում Գեյթսը նշել է արդիականացման և գիտական մշակումների հարցում Չինաստանի զգալի առաջընթացը։
«Ես միշտ բարձր եմ գնահատում Չինաստանի նորարարական ներուժը։ Զարգացման տեմպերը, օրինակ՝ նոր դեղամիջոցների ստեղծման գործում, նույնիսկ գերազանցել են իմ սպասելիքները»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ իր վրա առանձնահատուկ տպավորություն են թողել հիբրիդային բրնձի և գյուղատնտեսական այլ տեխնոլոգիաների բնագավառում հետազոտությունների արդյունքները։ Նա ընդգծել է, որ Գեյթսի հիմնադրամը և Չինաստանն ունեն ընդհանուր տեսլական, այն է՝ գիտական մշակումների արդյունքները պետք է օգուտ բերեն բնակչության առավել խոցելի խմբերին, նախևառաջ զարգացող երկրներում, ներառյալ Աֆրիկայի պետությունները։
Գեյթսը նաև վստահություն է հայտնել գիտական հետազոտությունների, հատկապես կենսաբանության և բժշկության արագացման գործում արհեստական բանականության (ԱԲ) ունեցած առանցքային դերի վերաբերյալ։ Նա հայտնել է, որ հիմնադրամը ֆինանսավորում է «ԱԲ-ուսուցիչ» ստեղծելու նախագծեր, որն ունակ է ուսուցումը հարմարեցնել սովորողների անհատական կարիքներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առողջապահության մեջ ԱԲ-ի կիրառմանը։ Մասնավորապես, իրականացվում են աֆրիկյան լեզուներով տվյալների հավաքագրման նախագծեր, ինչը թույլ կտա հեռավոր շրջանների բնակիչներին բժշկական հանձնարարականներ ստանալ բջջային սարքերի միջոցով, գրում է պարբերականը։
Գեյթսը նաև նշել է Շանհայում իրականացվող հետազոտությունների բարձր մակարդակը, ներառյալ կենսատեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտների մշակումները, և ընդգծել է, որ հիմնադրամի նպատակն է ապահովել զարգացող երկրների հասանելիությունը առաջադեմ տեխնոլոգիաներին, նույնիսկ եթե զարգացած տնտեսություններում դրանց ներդրումը ավելի բարձր առևտրային շահութաբերություն է խոստանում։ 2023 թվականի հունիսից ի վեր սա Գեյթսի առաջին այցն է Չինաստան։ Վերջին 30 տարիների ընթացքում նա երկիր է այցելել ավելի քան 20 անգամ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...