Firebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին
ԱՄՆ-ում տեղակայված արհեստական բանականության (ԱԲ) ամպային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների Firebird ընկերությունը հայտարարեց իր ԱԲ գերհամակարգչային մեգանախագծի երկրորդ փուլի մասին՝ ստանալով ԱՄՆ արտահանման լիցենզավորման և կարգավորող մարմինների հաստատումը Հայաստանին լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսորների (GPU) վաճառքի և մատակարարման համար։
Ընդլայնված կլաստերը նշանակալի ձեռքբերում է, որը Հայաստանը դասում է աշխարհի հինգ խոշորագույն ԱԲ GPU կլաստերների շարքին։ 4 միլիարդ դոլար արժողությամբ այս նախագիծը հանդիսանում է երկրի պատմության մեջ տեխնոլոգիական ոլորտի ամենանշանակալի կապիտալ ներդրումներից մեկը:
Հայտարարությունն արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, NVIDIA-ի Omniverse և սիմուլյացիոն տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, ինչպես նաև Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախությամբ եմ արձանագրում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտներում ստորագրված հուշագիրը կյանքի կկոչի Firebird-ի մեգանախագիծը՝ Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ուղղությամբ: Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա մեզ հետագայում ևս զարգացնել և ամրապնդել փոխշահավետ գործընկերությունը հայկական և ամերիկյան ընկերությունների միջև»:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է. «Այսօր նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության համար: Վարչապետը նշեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին. Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատել է NVIDIA-ի հետ կապված այս հրաշալի տեխնիկական համաձայնագիրը: Սա նշանակում է նոր շուկաներ և նոր աշխատատեղեր ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար: Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի երկրների մեծ մասում. դրանք այժմ զարգացվելու են, և այդ չիպերն օգտագործող տվյալների կենտրոնները կառուցվելու են Հայաստանում՝ շնորհիվ վարչապետի առաջնորդության»:
ԱՄՆ արտահանման նոր ստացված լիցենզիան թույլատրում է NVIDIA-ի առաջադեմ սարքավորումների վաճառքն ու ներկրումը Հայաստան՝ վերահաստատելով նախագծի լիարժեք համապատասխանությունը ԱՄՆ կարգավորող դաշտին և ընդգծելով նախաձեռնությանն աջակցող ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակը:
Երկրորդ փուլը հիմնված է Firebird-ի կողմից նախկինում հայտարարված առաջին փուլի վրա, որը 500 միլիոն դոլարի ներդրում էր և հիմք դրեց Հայաստանի առաջին բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային կլաստերի ստեղծմանը: Միասին այս երկու փուլերը որակական փոփոխություն են ենթադրում Հայաստանի տեխնոլոգիական ենթակառուցվածքներում՝ հնարավորություն տալով հետազոտություններ իրականացնել կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության, տիեզերական հետազոտությունների և հաջորդ սերնդի ԱԲ հավելվածների ոլորտներում:
Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը հավելել է. «Firebird-ը համաշխարհային մակարդակով ընդլայնում է ԱՄՆ-ի առաջատար դիրքերը ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում՝ համահունչ մեր տեսլականին՝ ծառայեցնել ԱԲ-ն ի շահ բոլորի: Այս նոր կլաստերը Հայաստանը դարձնում է գերհամակարգչային համաշխարհային հանգույց՝ ցույց տալով, թե ինչպես ԱՄՆ վստահելի ենթակառուցվածքները կարող են հզորացնել զարգացող տնտեսությունները: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ և Հայաստանի կառավարություններին իրենց գործընկերության համար, որը հնարավորություն տվեց ամերիկյան տեխնոլոգիաներին գործել գլոբալ մասշտաբով»:
Firebird-ի մեգանախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել կայուն, համաշխարհային մակարդակով մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգ, որի հիմքում ընկած են անվտանգ ենթակառուցվածքները, միջազգային գործընկերությունը և երկարաժամկետ տնտեսական արժեքը:
Մինչ Firebird-ը թևակոխում է երկրորդ փուլ, նախաձեռնությունը հանդիսանում է շոշափելի օրինակ այն բանի, թե ինչպես անդրսահմանային համագործակցությունը, համապատասխանեցված կարգավորող դաշտը և նորարարությանը միտված համատեղ հանձնառությունը կարող են վերածվել ազգային նշանակության տրանսֆորմացիոն ազդեցության:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր