ՀԷՑ-ի առաջարկի նպատակը սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը չէր. ՀԾԿՀ-ն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է «Հայաստան»-ի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե ՀԷՑ-ն առաջարկել է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ ՀԷՑ-ի առաջարկն ամենևին էլ նպատակ չի ունեցել նվազեցնել սպառողների համար սահմանված սակագինը։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 06.06.2025թ. առաջարկել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ ՀԾԿՀ) 6 ամսվա կտրվածքով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, վերանայել ՀԷՑ-ի սակագների հաշվարկը։ Մասնավորապես, մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները` շուրջ 12 մլրդ դրամ։ Այսպիսով, ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։ Դա է վկայում ինչպես վերը նշված՝ մեկ գործոնով պայմանավորված սակագնի նվազեցման և մեկ այլ գործոնով պայմանավորված ավելացման առաջարկը, այնպես էլ ՀԷՑ-ի գրությամբ նշված պատճառաբանությունը՝ ապահովելու վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները։
Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման կանխատեսվող հաշվեկշիռը կազմվում է տարեկան կտրվածքով և ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների լիարժեք գնահատումը հնարավոր է լինում իրականացնել տարեկան արդյունքներով։
Ընդ որում, եթե միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6 ամսում ձևավորված հիշյալ 3․6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը սակագների վրա ուներ շուրջ 0.5 դրամ/կՎտժ նվազեցնող ազդեցություն, ապա ՀԷՑ-ի կողմից առաջարկված 12 մլրդ դրամ ներդրումների նախատեսման դեպքում 2 գործոնի հանրագումարային նվազեցնող ազդեցությունը կկազմեր ընդամենը շուրջ 0.2 դրամ/կՎտժ։
Արդյունքում, միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման գործոնով, սակագնային տարին չլրացած, սակագների 2025 թվականի օգոստոսի 1-ից վերանայումը կլիներ սակագների չհիմնավորված նվազեցում, ընդամենը 0․ 2 դրամով, իսկ դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։
Ի պատասխան ՀԷՑ-ի վերը նշված առաջարկին՝ ՀԾԿՀ-ն համապատասխան գրությամբ հայտնել էր, որ էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղումը սակագների վրա ազդող գործոններից միայն մեկն է և այն էլ 6 ամսյա ժամանակահատվածի համար, որը տարեկան արդյունքներով կարող էր էականորեն փոխվել։ Բացի այդ, սակագների վրա ազդում են նաև այլ գործոններ, որոնց ամբողջական գնահատականը լինում է տարվա ավարտին, ինչը սակագների վրա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն։
Հետևաբար, նպատակ ունենալով էլեկտրաէներգետիկական համակարգում ապահովել կայուն սակագնային քաղաքականություն՝ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 6-ին ՀԷՑ-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ, սակայն առաջարկը մերժվել էր Հանձնաժողովի կողմից։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ