Կաշենն ապահովում է Արցախի պետական բյուջեի եկամտային մասի մոտ 2/3-ը. տնտեսագետ
Ադրբեջանն այսօր տնտեսական ճնշումներով է փորձում իրականացնել Արցախի հայաթափումը: Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները խաղի մեջ են մտցրել կեղծ բնապահպաններին՝ պահանջելով իբրև թե բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում: Կաշենի հանքը շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ Մեթըլս» («Base Metals») ՓԲԸ-ն:
Այս տարվա հուլիսին, սակայն, Ադրբեջանն ապօրինի առքուվաճառք է իրականացրել և հերթական պայմանագրով բրիտանական ընկերությանն է հանձնել հանքարդյունաբերական նոր տարածքներ, որոնցից մեկը համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արևելյան հատվածին, որտեղ գտնվում է Կաշենի հանքավայրը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Կաշենը» ադրբեջանական մեծ ծրագրի՝ Արցախը հայաթափելու հերթական պատրվակն է համարում:
Անդրադառնալով խնդրի տնտեսական համատեքստին՝ տնտեսագետը հիշեցրեց 44 – օրյա պատերազմի հետևանքները՝ Արցախի հողերի 75 տոկոսի և այդ տարածքներում տնտեսական, արտադրական ռեսուրսների ու կարողությունների կորուստները:
«Կաշենը շահագործող «Բեյզ Մեթըլս»-ն Արցախի տնտեսության համար ռազմավարական, առանցքային նշանակություն ունեցող ձեռնարկություն է. այն ապահովում է Արցախի պետական բյուջեի եկամտային մասի մոտ 2/3-ը: Ադրբեջանի տնտեսության համար էական նշանակություն չունի այս գումարի չափը՝ 120 միլիոն դոլարի մասին է խոսքը. նրանք ուղղակի այդ պատրվակով փորձում են ավելի սեղմել Արցախի շուրջ օղակը:
Այդ հանքավայրի շահագործումը 44-օրյա պատերազմից հետո լուրջ հարվածի տակ էր, քանի որ Նոր Մարաղայից էր ստանում արտադրության նպատակով ջուրը, ու քանի ամիս պահանջվեց, որ այլընտրանքային ջրի մատակարարում ապահովեն, հետագայում նաև հոսանքի հետ կապված խնդիրներ ի հայտ եկան, և նախորդ երկու տարվա ընթացքում հանքավայրը բազմաթիվ խնդիրներ հաղթահարեց: Արձանագրենք, որ այս ընկերությունը ոչ միայն Արցախի խոշոր հարկատուն է, այլև խոշոր գործատուներից մեկը՝ 1800 հոգի է աշխատում այստեղ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:
Ապաշրջափակման հետևանքներին անդրադառնալով՝ Սուրեն Պարսյանն արձանագրեց, որ իրավիճակն օրեցօր բարդանում է՝ նաև որովհետև Արցախյան վերջին պատերազմից հետո պարենային անվտանգության առումով բավականին խնդիրներ են առաջացել:
«Եթե նախկինում Արցախը տարեկան 70-90 հազար տոննա ցորեն էր արտադրում, այժմ՝ ավելի քիչ, նաև անասունների գլխաքանակն է կտրուկ կրճատվել, քանի որ արոտավայրերն են կրճատվել: Սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսությունն է բավականին ռիսկային (հիշենք՝ դեպքեր եղան, երբ նույնիսկ ռուս խաղաղապահը կողքին՝ հողագործի վրա էին կրակել):
Արցախի տնտեսությունը, գյուղատնտեսությունը, պարենային իրավիճակը բավականին մտահոգիչ է: Այս պահին մրգերի, բանջարեղենի որոշ տեսակների, դեղորայքի, շինանյութի և այլ ապրանքների դեֆիցիտ կա, բայց կաթնամթերքի առումով Արցախը կարողանում է որոշակի ինքնաբավություն ապահովել:
Այս իրավիճակը պետք է դրդի արցախցիներին և Արցախի կառավարությանը՝ էլ ավելի բարձրացնել ինքնաբավության մակարդակը: Մենք պետք է հասկանանք, որ նման իրավիճակները կարող են տարբեր պատրվակներով պարբերաբար կրկնվել, և պետք է պարենային ինքնաբավության հարցը լուծենք, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ապահովենք»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը:
Հիշեցնենք՝ երեկ Արցախի կառավարությունը տեղեկացրել էր, որ «Բեյզ Մեթըլս»-ի հետ համատեղ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...