Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել
Ամերիկյան վարչակազմը չի կարծում, որ Վիեննայում Իրանի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ մոտ են ձախողման, սակայն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թույլ չեն տա Իրանի իշխանություններին ատոմային ռումբ մշակել: Այս մասին Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հատուկ հեռախոսազրույցում եւ լրագրողների համար ճեպազրույցում։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այս շաբաթ կայցելի Իսրայել՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։
Սալիվանը, Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի տնօրեն Բրեթ ՄաքԳուրքի եւ այլ ամերիկացի պաշտոնյաների հետ միասին, կհանդիպի նաեւ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մուհամեդ Աբասի հետ՝ պաղեստինցիների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդումը քննարկելու համար, ասել է պաշտոնյան:
Այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կգերակշռի Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքի թեման, քանի որ բանակցողները հայտնում են Վիեննայում դանդաղ բանակցությունների մասին, որոնք ուղղված են Իրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսմանը:
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը, լրագրողների հետ զրույցում, անանուն մնալու պայմանով հայտնել է, որ ԱՄՆ եւ Իսրայելի պաշտոնյաները կխոսեն այն մասին, թե ինչ են ակնկալում տեսնել առաջիկա շաբաթներին Իրանի հետ հարաբերություններում:
«Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես ենք գնահատում Իրանի միջուկային ծրագրի վիճակը,- ասել է պաշտոնյան։- Դա լավ հնարավորություն կլինի նստել դեմ առ դեմ եւ խոսել բանակցությունների վիճակի, այն ժամկետների մասին, որոնց շրջանակներում մենք աշխատում ենք, եւ կրկին ընդգծել, որ քիչ ժամանակի ունենք»։
Միացյալ Նահանգները կարծում են, որ մեկ միջուկային մարտագլխիկի համար բարձր հարստացված ուրան արտադրելու Իրանի առաջխաղացման ժամանակը «շատ կարճ» է եւ տագնապալի, անցյալ շաբաթ հայտարարել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: Իրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու փորձերը։
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչն ասել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը լիովին համաձայն են, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ստեղծել:
Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ բանակցությունները դադարեցվել են մինչեւ հաջորդ շաբաթ։
Իսրայելցիների հետ իր բանակցություններում Սալիվանը կվերահաստատի ԱՄՆ-ի հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ Սալիվանը Աբասի հետ կքննարկի խաղաղության ու անվտանգության խթանման եւ ԱՄՆ-Պաղեստին կապերի ամրապնդման շարունակական ջանքերը` ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների համար:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...