Ոչ թե սուտ ցուցմունք տալու հետ կապված պատասխանատվության խնդիր կարող է հետագայում առաջանալ, այլ սուտ մատնության
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում էր Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը կալանավորված է միայն Լուսինե Ավետյանի՝ մի քանի անգամ փոփոխված ցուցմունքի վրա: Առուշ Առուշանյանի պաշտպանները բազմիցս նշել էին, որ այդ ցուցմունքներն ըստ ամենայնի կնոջ վրա գործադրված ճնշման արդյունքում են կորզվել:
Ավելորդ չէ նշել, որ 168.am-ի հետ զրույցում Լուսինե Ավետյանի նախկին պաշտպան Րաֆֆի Ասլանյանն ասել էր՝ Սյունիքի համայնքապետերի հետ կատարվածը յուրահատուկ վրեժ է օրվա իշխանության կողմից իր նկատմամբ նախկինում դրսևորած վերաբերմունքի: «Առուշ Առուշանյանի գործին ծանոթ եմ այն ծավալով, որ նախկինում եղել եմ նրա դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանի պաշտպանը: Այս քրեական գործով իրականացվել է ապօրինի նախաքննություն՝ օրենքով չնախատեսված ամենաբիրտ միջոցների կիրառմամբ: Զուտ փաստաբանական էթիկայից ելնելով՝ չեմ ուզենա հրապարակել որոշակի հանգամանքներ: Ինքս այդ վարույթով համագործակցությունը վստահորդիս հետ դադարեցրել եմ: Առհասարակ հակված եմ իրավական պայքարի, այլ ոչ թե վարույթն իրականացնող մարմնի ցանկությամբ և թելադրանքով՝ ցուցմունքներ տալուն: Սա, ես կարծում եմ, այդ քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի դատաքննության ժամանակ ի հայտ կգա ամեն բան, և հասարակության համար այս ամենը իսկապես տեսանելի կլինի»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Ճշտող հարցին՝ պատվիրված ցուցմունքների համա՞ր է ինքը դադարեցրել իր համագործակցությունը Քարահունջի համայնքապետի հետ, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց՝ չէր ցանկանա բարձրաձայնել կոնկրետ դադարեցման հանգամանքները:
«Կարծում եմ՝ դրանից հետո տեղի ունեցած գործի նախաքննության արդյունքներն ու տվյալները յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ օբյեկտիվ հետևությունների հանգելու հնարավորություն են տալիս»,- նկատել էր նա:
Երեկվա դատական նիստի ընթացքում Լուսինե Ավետյանն ասել էր նաև, որ «բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է, և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է»:
«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել էր Լուսինե Ավետյանը։
Ընդ որում երեկվա դատական նիստի ժամանակ վերջինս հրաժարվել էր պատասխանել դատախազի հարցերին, պատասխանել էր միայն պաշտպանական կողմի հարցերին:
168.am-ը Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի ներկայիս պաշտպան Գայանե Պապոյանին հարցրեց՝ արդյո՞ք պատասխանատվություն չի սահմանվելու իր պաշտպանյալի համար սուտ ցուցմունք տալու համար:
«Ոչ թե սուտ ցուցմունք տալու հետ կապված պատասխանատվության խնդիր կարող է հետագայում առաջանալ, այլ սուտ մատնության համար: Ինչո՞ւ, քանի որ Լուսինե Ավետյանն ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ մեղադրյալը սուտ ցուցմունք տալու համար չի նախազգուշացվում սպասվող քրեական պատասխանատվության մասին»,- ասաց Գայանե Պապոյանը:
Փաստաբանը նշում է՝ հետագայում խնդիր կարող է առաջանալ հենց այն մասով, որ Լուսինե Ավետյանը ենթադրյալ սուտ մատնություն է կատարել Առուշ Առուշանյանի նկատմամբ:
«Բայց այս փուլում չի կարող դրան ընթացք տրվել, որովհետև մենք այս գործով չունենք վերջնական դատական ակտ: Երբ որ Առուշանյանի գործով կլինի վերջնական, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կարձանագրվի, որ դատարանն արժանահավատ է դիտարկել Լուսինե Ավետյանի դատաքննական ցուցմունքը, հետևաբար գտնում է, որ նախաքննության ընթացքում Քարահունջի համայնքապետը սուտ մատնություն է կատարել, նոր դրանից հետո արդեն սուտ մատնություն կատարելու համար կարող են Լուսինե Ավետյանին քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց Գայանե Ավետյանը:
Հարցին՝ Առուշ Առուշանյանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո գործ հարուցելու համար անհրաժե՞շտ է արդյոք Առուշ Առուշանյանի բողոքի առկայությունը, փաստաբանը պատասխանեց՝ ոչ, սա հանրային մեղադրանք է, և այս դեպքում Առուշանյանի բողոքն էական չէ:
«Իհարկե, այդ գործով Առուշ Առուշանյանը տուժող կճանաչվի, բայց նրա բողոքի առկայությունը կամ բացակայությունը որևէ դեր չի խաղա, որովհետև սա հանրային, այլ ոչ մասնավոր մեղադրանքի խնդիր է»,- եզրափակեց Գայանե Պապոյանը:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)