Ինչո՞ւ Անատոլի Այվազովը չի ընդունել հավաքականի հրավերը. Արթուր Պետրոսյանի պարզաբանումը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պարզաբանել է, թե ինչու Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը չի ցանկացել միանալ ազգային թիմին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Նախեւառաջ կցանկանայի նշել, որ իմ՝ հավաքականը գլխավորելու առաջին իսկ օրվանից ինձ համար կարեւոր է եղել խաղային տարբեր օղակներում, այդ թվում՝ դարպասապահի դիրքում մրցակցությունը: Այդ առումով Չեռնոգորիայի հետ նոյեմբերին կայացած հանդիպումից առաջ մեր մարզչական շտաբը հաճելի գլխացավանքի մեջ էր. մեր տրամադրության տակ եղած բոլոր դարպասապահներն էլ լավ մարզավիճակում էին:
Պետք է խոստովանեմ, որ Անատոլի Այվազովն ունեցել է բոլոր շանսերը Չեռնոգորիայի հետ խաղում հանդես գալ հավաքականի հիմնական կազմում, սակայն խաղից 2 օր առաջ Այվազովը մոտեցավ ինձ եւ նշեց, որ պատրաստ չէ խաղալու հիմնական կազմում: Ղազախստանի հետ խաղից առաջ Այվազովը կրկին լավ մարզավիճակում էր, սակայն Արսեն Բեգլարյանը եւս բավականին վստահ տեսք ուներ: Բացի դրանից, որոշեցինք չփոխել Չեռնոգորիայի խաղի հաղթական կազմը եւ վստահեցինք Արսենին: Սենթ-Քիթսի եւ Նեւիսի հետ հանդիպումից առաջ կայացրել էինք հստակ որոշում, որ խաղակեսերից մեկում պետք է խաղա Արսեն Բեգլարյանը, մյուսում՝ Անատոլի Այվազովը, սակայն խաղից առաջ Այվազովը կրկին դիմեց մեզ՝ նշելով, որ չի կարող միանալ հավաքականին, քննություններ ունի հանձնելու, ինչն իր համար շատ կարեւոր է: Մենք կրկին ընդառաջեցինք նրան, մինչդեռ Սենթ-Քիթսի հետ իրեն լավ դրսեւորելու դեպքում բոլոր հնարավորություններն ուներ Չեռնոգորիայի հետ արտագնա խաղում հայտնվել հիմնական կազմում:
Վերջապես, Հայաստանի՝ նոր մեկնարկած առաջնությունում Այվազովը հուսալի եւ կայուն խաղ է ցուցադրում՝ կրկին լավ շանսեր ստանալով վերջապես նշել իր նորամուտն ազգային հավաքականում: Սակայն հանդիպումից մի քանի օր առաջ Այվազովը մեզ տեղեկացրեց, որ չի ուզում հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ առաջարկ ունի ինչ-որ ռուսական թիմից: Այվազովը նշեց նաեւ, որ իրեն հրահանգել են չխաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում կհամարվի լեգիոներ: Ես անձամբ հեռախոսազրույց ունեցա իր հետ, փորձեցի բացատրել, որ իր կայացրած որոշումը սխալ է, որ Ռուսաստանում խաղալու երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ, իսկ հավաքականում հաջող ելույթների դեպքում ավելի լավ թիմ տեղափոխվելու հավանականությունն ավելի մեծ կլինի, սակայն Այվազովն իր որոշումը չփոխեց: Անցավ մի քանի օր, Այվազովը մինչ օրս էլ չի տեղափոխվել որեւէ ակումբ, իսկ օրեր առաջ էլ եղավ հարցազրույց կայքերից մեկում, որտեղ նա եւս մեկ անգամ հաստատեց հավաքականում չխաղալու իր մտադրությունը:
Ֆուտբոլային կարիերայիս մեծ մասը նվիրել եմ Հայաստանի ազգային հավաքականին, սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա՝ որպես գլխավոր մարզիչ: Այս ընթացքում իմ հիշողությամբ չի եղել մի դեպք, երբ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստի կարիերան հաջող դասավորվի: Օրինակները շատ-շատ են, բայց կան նաեւ հակառակ օրինակները, որոնք ավելի ցայտուն են: Մենք ունենք նույնպես Ռուսաստանում ծնված Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, ովքեր ժամանակին չեն վախեցել լեգիոներ դառնալուց, սիրով եկել են հավաքական եւ ներդրել են իրենց ողջ ուժերը հավաքականում՝ հաճախ խաղալով նաեւ ցավազրկումներով: Այժմ նրանց միացել է նաեւ Արմեն Համբարձումյանը: Ես կարծում եմ, որ 21-ամյա դարպասապահը, որը այդքան շանսեր է ստանում, որքան Այվազովը, պետք է երջանիկ լիներ դրա համար եւ ոչ թե ամեն անգամ մի պատճառ փնտրեր՝ հավաքականում չխաղալու համար: Կարծում եմ նաեւ, որ այն ֆուտբոլիստը, ով պատրաստ չէ անկախ ամեն ինչից հանդես գալու իր երկրի ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականում խաղալուն: Ես շատ հպարտ եմ, որ հիմա հավաքականում ձեւավորվել է այնպիսի ջերմ մթնոլորտ եւ հավաքվել են այնպիսի տղաներ, որոնց համար հավաքականում հանդես գալը վեր է ամեն ինչից: Կարծում եմ, որ ինչպես ցանկացած մարզչի, այդ թվում՝ իմ համար երազանք է եղել գլխավորել հավաքականը, այնպես էլ ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է երազանք լիներ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»:
Անատոլի Այվազովի փոխարեն հավաքական է հրավիրվել է «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի