ՌԴ ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն հաստատել իրենց մոտ կորոնավիրուսի բացակայությունը
Ռուսաստան ժամանող օտարերկրացիները Ռուսաստանի սահմանին պետք է ներկայացնեն COVID-19-ի թեսթի պատասխանը կամ Ռուսաստանում անցնեն այդպիսի թեսթ` ժամանումից երեք օր անց, հետեւում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի պետ Աննա Պոպովայի որոշումից, փոխանցում է« Ինտերֆաքս»-ը:
Փաստաթղթի համաձայն, օտարերկրացիները կարող են ներկայացնել պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով թեսթ անցնելու տեղեկանք, որը տրվել է Ռուսաստան ժամանելուց ոչ շուտ, քան երեք օր առաջ, եւ իմունոգլոբուլին G հակամարմինների մասին փաստաթուղթ՝ դրանց առկայության դեպքում: Եթե արդյունքներ չլինեն, օտարերկրյա քաղաքացին պետք է երեք օրվա ընթացքում Ռուսաստանում ՊՇՌ վճարովի թեսթ անցնի։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները արտասահմանից ժամանելիս կարող են արտասահմանցիների պես թեսթը հանձնել արտասահմանում, Ռուսաստանում՝ դարձյալ երեք օրվա ընթացքում, կամ պահպանել ինքնամեկուսացումը։
Նոր պահանջները, որոշման համաձայն, ուժի մեջ կմտնեն հուլիսի 15-ից: Կորոնավիրուսի բացակայությունը հաստատող բժշկական տեղեկանքը կարող է ներկայացվել ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն:
Արտաքին գործերի նախարարությանը, Ռոսավիացիային եւ տրանսպորտի նախարարությանը առաջարկվում է ուղեւորներին տեղեկացնել թեսթը հանձնելու անհրաժեշտության մասին:
Բացի այդ, Ռուսաստանում գործատուները, որոշման համաձայն, պետք է նախազգուշացնեն իրենց աշխատակիցներին Ռուսաստան վերադառնալուց հետո (երեք օրվա ընթացքում) ՊՇՌ թեսթ անցնելու անհրաժեշտության մասին: Օտարերկրացիներին աշխատանքի վերցնել կարելի կլինի միայն այն դեպքում, երբ կորոնավիրուսի բացակայությունը հաստատող տեղեկանք ներկայացվի:
Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ Ռուսաստան ժամանողների համար 14-օրյա կարանտինի կանոնները կփոխվեն՝ միայն այն ուղեւորները, ովքեր չունեն կորոնավիրուսային թեսթի արդյունքներ, ստիպված կլինեն ինքնամեկուսացվել: Թեսթը կարելի է հանձնել ինչպես արտերկրում, այնպես էլ Ռուսաստանում: