Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել է կորոնավիրուսի ժամանակ իր կյանքը փրկած բուժաշխատողների հետ (լուսանկարներ)
Հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը նշել է ստեղծման 72-ամյակը, ինչի կապակցությամբ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպել է իր կյանքը փրկած բուժաշխատողների հետ, գրում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը տոնի կապակցությամբ հանդիպել է Առողջապահության ազգային ծառայության մի քանի աշխատակիցների, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ անձնական պայքարի ժամանակ իրեն խնամած բուժաշխատողների՝ Լուիս Պիտարմայի, Ջենի Մըքջիի, Նիք Փրայսի և Նիկոլաս Հարթի հետ։
«Շնորհակալություն, առողջապահության ազգային ծառայության ամբողջ ընտանիքին և մեր բոլոր խնամակալներին այն ամենի համար, ինչ արել և շարունակում եք անել»,- ավելի ուշ Twitter-ում գրել է Ջոնսոնը։
«Վերջին մի քանի ամիսների և, առհասարակ, վերջին 72 տարվա ընթացքում դուք այս երկրում մարմնավորել եք լավագույնը: Մեր երախտագիտությունը ձեզ հավերժ է լինելու։ Այս երեկո Դաունինգ սթրիթում ես պատիվ ունեցա հյուրընկալել ինձ Սուրբ Թոմասի հիվանդանոցում խնամած բուժաշխատողներին»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Ավելի վաղ օրվա առթիվ Ջոնսոնը և Clap for Carers-ի հիմնադիր Էնմարի Պլասը Դաունինգ սթրիթում խորհրդանշական ծափահարությամբ իրենց երախտագիտությունն էին հայտնել բուժաշխատողներին։
Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնի վարակման մասին պարզ էր դարձել մարտի 27-ին: Ապրիլի 3-ին նա հոսպիտալացվել էր, իսկ ապրիլի 6-ին ծանր վիճակով տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Հետագայում նրա վիճակը կայունացել էր: Հարցազրույցների ժամանակ վարչապետը բազմիցս շնորհակալություն է հայտնել իրեն բուժած բժիշկներին: