Ստյոպա Սաֆարյան. արհեստավարժ սադրիչ եւ ապատեղեկատվություն տարածող
«Իմ ձայնը» նախագիծը հրապարակել է Վիկիլիքսի բացահայտումների այն բաժինները, որոնք վերաբերում են մարտի 1-ի բուն ողբերգությանը, որից էլ պարզ է դարձել, օրինակ, որ 2008թ. մարտի 1-ին, երբ դեռ ողբերգություն եւ արյունահեղություն չէր եղել, Ստյոպա Սաֆարյանը կապվել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա եւ երկու տարեց մարդ, եւ որ իբր ոստիկանը ծեծել է տարեց մարդուն եւ սպանել նրան։
Ընդգծենք, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փեննինգթոնը նշել է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել)։
Ի դեպ, «Իմ ձայնը» նախագիծը տեղադրել է նաեւ հղումը, որից ցանկացողները կարող են ծանոթանալ հենց բնօրինակին՝ անգլերենով:
Եւ զավեշտն այն է, որ այս ամենից հետո Ստյոպա Սաֆարյանը փոխանակ ներողություն խնդրի եւ հրաժարական տա Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, դեռ փորձում է արդարանալ, սխալ թարգմանության մեջ մեղադրելով լրագրողներին եւ փորձելով իրեն բնորոշ ոճով խեղաթյուրել իրականությունը:
Ստյոպա Սաֆարյանը, որը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո արդեն հասցրել է սկանդալային պատմությունների մեջ հայտնվել, հանրությանը կոչ է անում չտրվել ապատեղեկատվությանը, իսկ լրատվամիջոցներին հորդորում թարգմանություններ իրականացնելիս օգտվել արհեստավարժ ծառայություններից, մինչդեռ հանրությունը պետք է փորձի չտրվել հենց այս գործում արհեստավարժ Ստյոպա Սաֆարյանի ապատեղեկատվությանն ու սադրանքներին։ Ինչ վերաբերում է արհեստավարժ թարգմանությանը, ապա Ստյոպա Սաֆարյանից բացի Հայաստանում անգլերենին շատերն են տիրապետում:
Ցավալի է, բայց փաստ, արհեստավարժ սադրիչը, սուտ լուրեր տարածողն այսօր Հանրային խորհուրդն է ղեկավարում, ինչը բոլորիս ամոթն է ու վկայում է մեր հասարակության ծանր հիվանդության մասին:
Այսօր Ստյոպա Սաֆարյանը պետք է ներողություն խնդրեր եւ հրաժարական տար: ներողություն խնդրեր Կուտոյանի ողբերգական մահից հետո արած գրառման եւ Վիկիլիքսի միջոցով հայտնի դարձած նրա արարքի համար, բայց դեռ փորձում է հարձակման անցնել եւ խեղաթյուրել իրականությունը:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am