Գտնվեցին Անդրանիկ Քոչարյանի պաշտպաններ
Արդեն իսկ պարզ է, որ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը, որը ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, մանդատը վայր դնելու մտադրություն չունի: Ավելին, իմքայլականները եւ Նիկոլ Փաշինյանը չեն շտապել դատապարտել նրա հայտարարությունը:
Անդրանիկ Քոչարյանը սահման անցավ: Նա անցավ մի գիծ, որն անցնողներն այլեւս չեն կարող ներողություն խնդրել եւ շարունակել իրենց գործը: Քաղաքակիրթ, կայացած, անգամ կիսանորմալ երկրներում, երբ պաշտոնյան, պատգամավորը, խորհրդարանի հանձնաժողովի նախագահը նման զազրելի արարք է թույլ տալիս, նա անպայման հրաժարական է տալիս, ավելին, եղել են դեպքեր, երբ հրաժարական է տալիս կառավարության ղեկավարը, տվյալ կուսակցության առաջնորդը:
Իսկ ինչ ունենք մենք: Իսկ մենք ունենք սարսափելի տխուր պատկեր: Հայտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին աջակցել, պաշտպանել Անդրանիկ Քոչարյանի ստոր եւ ոչ միայն քաղաքական գործչին, այլ տղամարդուն ոչ բնորոշ արարքը:
Եւ այդ մարդիկ մեր կողքին են, ավելին, նրանցից ոմանք անգամ մեր երկրի ճակատագիրն են որոշում, կարեւոր որոշումներ կայացնում, օրենքներ մշակում: Նրանք Անդրանիկ Քոչարյանից չպահանջեցին գոնե ներողություն խնդրել, նրանք իրենց գործընկերոջը կոչ չարեցին վայր դնել մանդատը: Սա է այս իշխանությունների իրական դեմքը: Նրանք իրենց նույնացրին Անդրանիկ Քոչարյանի հետ: Դուք բոլորդ Անդրանիկ Քոչարյան եք:
Վարդան Մխիթարյան
Top-News.am