Արթուր Վանեցյանը փորձում է փրկել պետությունը
Հրաժարական է ներկայացրել ամենաառանցքային պաշտոնյաներից մեկը՝ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը: Ընդ որում, հրաժարական է ներկայացրել սթափության կոչ անող հայտարարությամբ:
Սա Հայաստանի նորագույն պատմության մեջ չտեսնված իրադարձություն է, երբ հրաժարական տված կամ պաշտոնանկ արված ԱԱԾ պետը նման հայտարարություն է անում:
Արթուր Վանեցյանը հեռանում է զգուշացնելով, հեռանում է սթափության կոչ անելով, ընդ որում, առաջին հերթին իշխանության ղեկին մոտ գտնվողներին:
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ-ն վերջին մեկուկես տարում ղեկավարած մարդու այս հայտարարությունը մտորումների, եզրահանգումներ անելու լուրջ հիմք է: Նա շատ հստակ ակնարկում է, որ երկիրը ղեկավարում են հախուռն եւ տարերային որոշումներ կայացնողները, որոնք չեն պատկերացնում, թե ինչ է պետությունը, թե ինչ է պետական կառավարումը:
Արթուր Վանեցյանը հոգնել է իրեն տրվող անհեթեթ հանձնարարականներից, այնպիսի հանձնարարականներից, որոնք Արթուր Վանեցյանի բնորոշմամբ ընդհանուր ոչինչ չունեն սպայի արժանապատվության հետ:
Մենք այնքան սթափ պետք է լինենք, որ հասկանանք, գիտակցենք, թե որտեղ է հասել մեր ընդհանուր նավը, որ Վանեցյանը հրաժարական տալով հույս ունի, որ այն կլինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ:
Եւ եթե սրանից հետո մենք թույլ տանք, որ ամեն ինչ շարունակվի նախկինի նման, որ որոշումները կայացվեն աղքատ եւ հարուստ պողոսների ականջը շոյելու համար, որ որոշումները կայացվեն նեղ անձնական կամ խմբակային կասկածելի շահերը բավարարելու համար, ապա մենք հաստատ կպարտվենք, կպարտվի մեր երկիրը, ինչը չենք կարող թույլ տալ:
Այլեւս չենք կարող թույլ տալ, որ որոշումները կայացնեն ֆեյքերն ու զոմբիները, որ հասարակական եւ պետական օրակարգերը թելադրեն անցյալ չունեցող եւ պատասխանատվության զգացում չունեցողները:
Երկիրը կանգնած է ջրբաժանի առաջ՝ կամ այս, կամ այն կողմ: Երրորդ տարբերակ այլեւս չկա:
Top-News.am