Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց սերը
Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՚ սերը , և՚ հայրենիքը, և՚ բնությունը : Նա թարմացրեց հայ պոեզիայի և՚ նյութը, և՚ լեզուն … Նրա բանաստղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար , որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ :
Ավետիք Իսահակյան (մեջբերումը Առուշան Հակոբյանի ՙՙՎահան Տերյանի հետ՚՚ գրքից )
Ահա այսպես է բնորոշում Տերյանի ստեղծագործությունները Տերյանի ժամանակակից Ավետիք Իսահակյանը : Կարծես կանխատեսելով ,որ դարերը կաղմկեն Տերյանի մասին ու որքան էլ գրվի Տերյանի մասին դեռ կիսատ կլինի ասելիքը:
«Տերյան» մշակութային կենտրոնում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Առուշան Հակոբյանի ՙՙՎահան Տերյանի հետ՚՚ գրքի շնորհանդեսը :
Ներկաների բարձր հիացմունքին արժանացավ հեղինակ Առուշան Հակոբյանի խոսքը, ով ներկայացրեց գրքից պատառիկներ, Տերյանի մասին հուշապատումներ: Հեղինակը ներկայացրեց այն ժամանակաշրջանը ,երբ թվում էր գրական ասպարեզը նոր հանճարի համար տեղ չուներ : Սակայն Տերյանը եկավ հաստատուն խոսքով , աննկարագրելի քնարերգությամբ ու սիրերգությամբ : Տերյան-Թումանյան գրական քննարկումներից հետաքրքիր փաստեր ներկայացրեց հեղինակը , հանդիսատեսին անմիջական մասնակից դարձնելով ու ազդեցիկ խոսքի միջոցով ժամանակի ու տարածության միջով ճամփորդելու հնարավորություն ընձեռելով :
Գրքի մասին խոսեցին նաև շնորհանդեսին ներկա բանաստեղծները , գրականագետները , պատմաբանները ,ջավախքցիները : Տերյանի պոեզիայի մասին խոսեց նաև բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը ,ով նշեց,որ ժամանակին հարասանիքների ժամանակ Տերյանի բանաստեղծություն նվիրելը մեծագույն պատիվ էր :
«Վահան Տերյանի հետ» գիրքը նոր հնարավորություն է ընթերցողին Տերյանին նորովի բացահայտելու համար :
Արմինե Մելքոնյան