ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին. ՆԱՏՕ-ում մեկնաբանել են միջադեպը (տեսանյութ)
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով թռչելիս:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, ռուս նախարարի ինքնաթիռն ուղեկցող Սու-27 կործանիչների օդաչուները թույլ չեն տվել F-18-ին շատ մոտենալ նախարարական օդանավին՝ ետ մղելով այն:
Հաղորդվում է, որ Շոյգուի ինքնաթիռը, որում գտնվել է նախարարը, Կալինինգրադից ուղևորվում էր Մոսկվա՝ Բալթյան նավատորմի ծովային ավիացիայի երկու կործանիչների ուղեկցությամբ:
ՆԱՏՕ-ից պարզաբանել են, որ կործանիչները մոտեցել են Բալթիկ ծովի վերևում թռչող օդանավին, որպեսզի պարզեն, թե ինչ ինքնաթիռ է դա: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո հաղորդագրությունը:
«ՆԱՏՕ-ի «օդային ոստիկանության» առաքելության ինքնաթիռները օդ են բարձրացել, որպեսզի պարզեն, թե ինչ ինքնաթիռ է դա, որը մոտ էր թռչում դաշինքի օդային տարածքին: Հենց նույնականացումն ավարտվել է, ինքնաթիռը վերադարձել է բազա: ՆԱՏՕ-ն տեղեկություն չի ունեցել, թե ով է եղել ռուսական օդանավում»,- ասվում է հաղորդագրության մեջ: