«ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկի ամբողջությամբ չբավարարող պատասխանը
«ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկն արձագանքելով մեր «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկի ամոթն ու խայտառակությունը հրապարակմանը պնդում է, թե այն ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը:
Իսկ իրականությունն այն էր, որ բանկի մշտական հաճախորդ, բանկում հաշիվ ունեցող մեր ընթերցողներից մեկին բանկի մասնաճյուղերից մեկում ասել են, թե իրենք որոշում ունեն 500 եվրոանոց թղթադրամներ չընդունել:
Մենք բաց նամակով դիմեցինք ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, փորձելով պարզել, թե բանկն իրավունք ունի նման որոշում կայացնել, իսկ հետո նաեւ փորձեցինք պարզել, թե մյուս մասնաճյուղերում եւս գործում է այդ հրահանգը, թե ոչ:
Հիմա Top-News.am-ին ԱԿԲԱ-ից հայտնում են հետեւյալը.
«Նշված խնդիրը տվյալ պահին պայմանավորված է եղել տեխնիկական խոչընդոտով, ինչի հետեւանքով հնարավոր չի եղել ամբողջությամբ բավարարել հաճախորդի պահանջմունքները: Նմանատիպ խնդիրները Բանկում կարգավորվում են կարճ ժամանակում եւ Բանկը, ինչպես միշտ, շարունակում է իր հաճախորդներին տրամադրել բանկային բարձրորակ ծառայություններ:
Անհրաժեշտ է շեշտել, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին տրամադրվում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ներառյալ արտարժութային գործառնություններ՝ իրացնելով ոչ միայն 500 եվրո արժողությամբ թղթադրամներ, այլ նաև՝ դոլարի, եվրոյի, ռուբլու, ֆունտստեռլինգի, ֆրանկի, լարիի ցանկացած թղթադրամ»:
Լավ է, որ բանկն անդրադառնում է մեր հրապարակմանը, բայց վատ է, որ տալիս է ոչ ամբողջական պատասխան, որը չի կարող բավարարել մեզ, առավել եւս բանկի աշխատակցի կողմից կոպիտ սպասարկման արժանացած մեր ընթերցողին:
Կրկնում ենք, ԱԿԲԱ-ի մասնաճյուղում ոչ թե ասել են, թե տեխնիկական խնդիր կա, ոչ թե խնդրել են սպասել տասը կամ երեսուն րոպե, այլ հայտարարել են, թե իրենք որոշում ունեն ընդհանրապես չընդունել 500 եվրոանոց թղթադրամներ, որից հետո պահանջել են դուրս գալ մասնաճյուղից, պատճառաբանելով, թե նա խոչընդոտում է մասնաճյուղի աշխատանքները:
Այնպես որ, քաղաքացին դեռ սպասում է բանկի մասնաճյուղից պաշտոնական ներողության, իսկ մենք սպասում ենք, որ բանկը իր երկարամյա հաճախորդին կվերաբերվի ինչպես հարկն է եւ գրավոր ներողություն կխնդրի, որը մենք պատրչաստ ենք հրապարակել:
Իսկ մինչ այդ մենք պարտավորվում ենք անդրադառնալ այս բանկի գործունեության մոյւս կողմերին եւս:
Top-News.am