Այսօր՝ 19 մայիսի 2024թ., 00:00
Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր եւ վիրավոր. մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոչ մի բանի արժանի չեք Թարմացված Kia V6-ը կորեական շուկայի համար նոր տպավորիչ տեսք է ստացել Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը Գիտնականները պարզել են, թե ինչպես են հնագույն մարդիկ զարգացրել իրենց դիմացկունությունը Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան «Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան Խորհրդարանի պաշարում կլինի՞ ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Փաշինյանի ստերը․ մաս 207 ChatGPT-ին սովորեցրել են սիրաբանել և մաթեմատիկական հավասարումներ լուծել Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին Գիտնականները հայտնաբերել են մթնոլորտում ածխաթթու գազի աճի աննախադեպ աճ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Մեքսիկայում հայտնաբերվել է հրաբխային ապարից կերտված արձան, որը ծեսերում օգտագործել են հին մայաները Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Պայքարի վերջում Ճշմարտությունը հաղթելու է. ուրիշ տարբերակ չունենք. Բագրատ սրբազան Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները. Սպիտակ Տուն Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ՆԳՆ-ին Երևանի որ կետերից է մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. նա ներկայացվել է քննչական բաժին Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է Դանիայում Փաշինյանը հումոր է արել Ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքերից մեկի ավտոկայանատեղին և նկուղային հարկում գործող սննդի կետը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերվել Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան
Հարցում

Տոնոյանի տեսլականը՝ կառավարության ծրագրի շրջանակներում պաշտպանության ոլորտի մասին

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացնում է իր տեսլականը ՀՀ կառավարության ծրագրի մտահղացման շրջանակներում պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ: Համաձայն այդ տեսլականի.

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն զինված ուժերի առանցքային նպատակն է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովումը և Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: Ստորև ցանկանում եմ ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը Կառավարության ծրագրում մեզ համար այս գերնպատակի և զինված ուժերին և պաշտպանության նախարարության գործունեության մյուս առաջնահերթությունների կենսագործման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ: Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է:

Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձևավորումն է: Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի և միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ:

Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխության հրամայականը՝ որպես Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց։ Այս գերխնդրի իրագործման համար պաշտպանության համակարգում մենք պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականությանզգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ: Սա վերաբերում է պաշտպանության ոլորտի անձնակազմի անխտիր բոլոր կատեգորիաներին՝ գեներալներից ու սպաներից մինչև կրտեր և ավագ ենթասպաներ ու շարքայիններ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից և քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև բանվոր-ծառայողներ: Պարտականության զգացողությունը մարդու մեջ սերմանում է մշտապես վերադասի հրահանգներին սպասելու, իսկ անգործության պատճառով առաջադրանքը ձախողելու դեպքում՝ նման հրահանգ չստանալու պատճառաբանությամբ արդարանալու մշակույթ:

Ղեկավար պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ, առանց բացառության, պետք է գիտակցի, որ իրեն վստահված այս առաքելությունը լավագույնս իրականացնելու համար պետք է գերազանցություն դրսևորի երկու առանցքային գործառույթում:

Առաջինը դա ենթականերին առաջնորդելն է: Առաջնորդիր սեփական օրինակով, մարդկանց խրախուսիր ըստ արժանիքների, պատժիր արդարացի կերպով, սահմանիր հստակ առաջադրանք, տուր դրա իրականացման խելամիտ ուղղղորդում, թույլ տուր կարգապահ նախաձեռնողականություն՝ միաժամանակ վերահսկելով առաջադրանքի կատարումը և չխուսափելով ընդհանուր պատասխանատվությունից, և վերջապես՝ հանդուրժող եղիր ոչ էական վրիպումների համար, և կտեսնես, որ ձևավորել ես բարձր կատարողականությամբ թիմ՝ դրա անդամների բնավորության, խորագիտակության և հանձնառության առողջ հավասարակշռմամբ:

Երկրորդ առանցքային գործառույթը միջոցների մտապատկերումն է, դրանց պլանավորումը, ձեռքբերումը, հատկացումը և օգտագործման վերահսկողությունը:

Նախևառաջ պետք է գիտակցենք, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար հայոց զինուժի զինվորն ու սպան պետք է շեշտը դնեն ոչ թե քանակական առավելության, այլ որակական գերազանցության վրա: Յուրաքանչյուր հրամանատար և պաշտոնյա պետք է առաջնորդվի հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության և հասարակության անվտանգության ապահովմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցումով։ Ռեսուրսների ոչ նպատակային, ոչ արդյունքային, ոչ խնայողաբար և անարդյունավետ ծախսը հատկապես վնասակար ազդեցություն է գործում Հայաստանի նման սահմանափակ ֆինանսական հնարավորություններ և համեմատաբար մեծ զինված ուժեր ունեցող երկրների վրա: Բոլորս պետք է գիտակցենք, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական միջոցները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով մեզ տրամադրված ռեսուրսներ են։ Այս հարցն էլ ավելի է կարևորվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ունեցող երկրներում, երբ պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կենցաղային պայմանների, սննդի, հագուստի, հանգստի և ժամանցի պայմանների ու մի շարք այլ խնդիրների համար: Այս տեսանկյունից յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի, անվտանգության և բարեկեցության ապահովման բարձր պատասխանատվությունը։

Մյուս կողմից՝ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող պետք է գիտակցի, որ լինելով հայրենիքի պաշտպան՝ ինքն այլևս չի գտնվում ծնողների և հարազատների խնամքի տակ, և ֆիզիկական ու հոգեպես պատրաստ լինի պատվով կրելու զինվորական ծառայության դժվարությունները և սահմանափակումները:

Ինչքան էլ հզոր ռազմական տեխնիկա և մեծաթիվ անձնակազմ ունենաս, միևնույն է, դատապարտված ես ձախողման, եթե բանակումդ չի տիրում անհրաժեշտ արդարության, նվիրվածության և համախմբվածության մթնոլորտ: Այս հատկանիշները չեն ձևավորվում ինքնին, այլ կախված են առկա բացասական երևույթները կամ դրանց վերապրուկները արմատախիլ անելուն և դրական դրսևորումները ամրապնդելուն ուղղված ամենօրյա աշխատանքի հաջողությունից:

Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում: Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուր գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սննդի տեսքով: Այնպես որ՝ բանակի շարքերում բարեվարքության ամրապնդման, անհրաժեշտ հաշվետվողականության զարգացման աշխատանքները պետք է լինեն ղեկավար կազմի ուշադրության կիզակետում:

Պաշտպանության բնագավառում և զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դրանք կառավարելու և բարեվարքության նորմերն ամրապնդելու համար պետք է մշակվեն նաև նյութա­տեխնի­կա­կան ռեսուրսների կառավարման, այսինքն՝ պլանավորման, գնումների, սպառման, վե­րահսկման և հաշվետվողականության թափանցիկ ընթացակարգեր: Այս ընթացակարգերը կոչված են երաշխավորելու պաշտպանության ռազմավարության առաջնահեր­թու­թյուն­ների հիման վրա ռեսուրսների բաշխումը և կարողությունների ձևավորումը, կառա­վարման և բյու­ջետային որոշումների ներդաշնակեցումը, բյուջետային ծրագրերի` նյութա­տեխնիկական առումով կայունությունը և մրցակցող պահանջների միջև ռացիոնալ որոշումների կայացումը: Եվ քանի որ առկա անվտանգային միջավայրում զինված ուժերի պահանջները հիմնականում գերազանցելու են պետության տնտեսական հնարավորությունները, պետք է ռեսուրսների կառավարման ոլորտում իսպառ վերացնենք տեղայնական շահերի ազդեցությունը, երբ զինված ուժերի այս կամ այն բաղադրիչն իր կարիքները ներկայացնելիս դրանք չի դիտարկում մարտական կարողությունների ընդհանուր տարրապատկերում, միաժամանակ խուսափելով ռազմական գիտության տեսանկյունից չհիմնավորված այնպիսի ձեռքբերումներից` լինեն դրանք համակարգերի, համալիրների, ապրանքների կամ ծառայությունների տեսքով, որոնք պարունակում են վաղաժամ բարոյապես հնանալու կամ ձեռքբերման համար ոչ մատչելի դառնալու ռիսկեր:

Զինված ուժերի կարևորագույն խնդիրներից է նաև պաշտպանության համակարգի և զինված ուժերի՝ ապաքաղաքական լինելու և քաղաքական չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։ Այս առումով արդեն հիշատակված իմացական վերափոխման արգասիքներից պետք է լինի նաև այն, որ բանակը գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից կամ հակառակը` ինքը ուղղորդված կերպով չազդի ընտրությունների արդյունքների վրա: Լինելով համազգեստ կրող քաղաքացիներ՝ զինծառայողները երկրի իշխանության ձևավորման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքը պետք է իրացնեն բացառապես ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով և զինվորականներին հարիր կարգապահ կերպով` առանց որևէ ապօրինի ներգործության։ Այս նպատակով առաջիկայում կմշակվենառաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքում ՀՀ զինված ուժերում նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ:

Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է և պետք է առավելագույն թույլատրելի սահմաններում թափանցիկ լինի քաղաքացիական հանրության համար: Հասարակության լայն շերտերի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից զինված ուժերում առկա խնդիրների վերհանումը կապահովի անկողմնակալ կարծիքի հաշվառմամբ ընդլայնված մտքերի փոխանակում՝ նպաստելով առավել արդար և արդյունավետ լուծումների որոնմանը և կենսագործմանը:

Կառավարության ծրագիրը նախատեսում է նաև ճշգրտումների կատարում Զինված ուժերի զարգացման պլանում և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում: Որպես պաշտպանության ոլորտի ռազմավարական նշանակության երկու հիմնական ուղեցույցներ, այս փաստաթղթերը կարիք ունեն ինչպես իրենցում պարփակված հայեցակարգային դրույթների՝ նոր քաղաքական առաջնահերթություններին և պաշտպանության կազմակերպման մոտեցումներին համապատասխանեցման, այնպես էլ կատարված աշխատանքների միջանկյալ վերստուգման և խնդիրների թարմացման: Նորացված փաստաթղթերի վերջնանպատակը կլինի զինված ուժերի մարտական կարողությունների և անձնակազմի մարտական վարպետության բարձրացումը, որին հասնելու համար կպլանավորվեն որոշ ոլորտներում ռեսուրսների ավելացման, այլ ոլորտներում դրանց ծախսի արդյունավետության բարձրացման, մեկ այլ տեղ՝ խնայողության ռեժիմի անցման միջոցառումներ՝ հասնելով պաշտպանության համակարգում ընդհանուր արդյունքայնության բարձրացման:

Որպես պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթություններ, անդրադառնամ հետևյալ խնդիրներին.

Առաջնահերթություն 1.

Զինված ուժերի համալրումը անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմականտեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների ևհամակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշներիսահմանումը:

Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ:

Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը: Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ: Սահմանին որևիցե այսպես ասած ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի: Դա անելու համար մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել զինված ուժերի մարտական կարողությունները, հակառակորդի նկատմամբ ճիշտ պահին, ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով անհրաժեշտ ազդեցության ներուժը պահպանելու և էլ ավելի զարգացնելու համար: Խնդիրներն արդեն առաջադրված են, կարողությունները՝ ձևավորված, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի հզորացնելու ուղղությամբ:

Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ: Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում:

Գերակա խնդիր է նաև Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացումը: Այդ համակարգը պետք է ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն: Այս խնդրի կատարման համար, բացի տեխնիկական լուծումներից, շարունակվելու է նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և դրանցով գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքի ներդրումը: Այս սկզբունքի էությունը հետևյալն է. տուր ենթականերիդ անհրաժեշտ ռեսուրսներ, ուժեր և միջոցներ, խելամիտ ուղղորդում և վստահություն, և կտեսնես, որ տեղում նրանք կգտնեն ավելի լավ լուծումներ և ամենակարևորը՝ կիրականացնեն դրանք ավելի օպերատիվ կերպով, քան եթե դու փորձես որոշել բոլորի փոխարեն, միաժամանակ չտեսնելով յուրաքանչյուր առանձին հրամանատարի պատասխանատվության գոտում ծագած իրավիճակի առանձնահատկությունները:

Ոչ պակաս կարևոր է ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, այսինքն՝ ռազմարվեստիարդիականացումը և ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարո­ղությունների ձևավորումը` զինված ուժերի պատրաստությունը հավանական պատերազմի բնույթին համապատասխանեցնելու, որոշումների կայացման և գործողությունների իրականացման փուլերում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:

Եվ իհարկե, առաջնահերթ նշանակություն ունի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականության վարումը՝ հարկային և վարչարարական ընթացակարգերի բարե­լավ­ման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հանրային, մասնավոր ու միջազ­գա­յին կոոպերացիայի սկզբունքով համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով:

Առաջնահերթություն 2.

Հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկականմիջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը:
Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը:

Այս համատեքստում գերակա խնդիր է մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը և անձնակազմի անվտանգության աստիճանի բարձրացումը: Պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ: Պաշտպանության այս տեսակի միջոցով զգալիորեն կնվազի անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելը, կբարձրանա անձնակազմի պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը և կավելանա հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման և ոչնչացման հավանականությունը: Այս նպատակով, ի թիվս այլ ուժերի և միջոցների, ստեղծվում են հակառակորդի օպերատիվ դասավորության ամբողջ խորությամբ և ռազմավարական մակարդակում նրա մտահղացումների վաղ հայտնաբերմանն ուղղված զորային, տեխնիկական ու գործակալական հետախուզական և վերլուծական կարողություններ:

Առաջնահերթություն 3.

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության Էական բարձրացումը:
Այստեղ մեր վերջնանպատակն է Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, ոչ կանոնագրային հարաբերությունները նվազագույնի հասցնելը, զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցումը։

Մեր գերակա խնդիրն է զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով իրականացնել զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքներ:

Առաջնահերթություն 4.

Զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ողջընթացքում։
Մենք պետք է հետևողական աշխատանքներ տանենք զինծառայողի կրթական ցենզի բարձրացման և ինտելեկտուալ մակարդակի աճի ուղղությամբ՝ որպես Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն։

Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ` մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը:

Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ: Պաշտպանության համակարգում ընթացող կադրային փոփոխությունները իրականացվելու են պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերը ներգրավելու և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելու փոխլրացնող ուղղություններով: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման քաղաքականություն, ավելի ու ավելի պատասխանատու պաշտոններ վստահելով ուժեղ բնավորություն, առաջնորդական որակներ, մասնագիտական խորագիտակություն և առաքելության նկատմամբ հանձնառություն ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին և աշխատակիցներին:

Առաջնահերթություն 5.

Զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը:
Մենք պետք է երաշխավորենք բոլոր կարգի զինծառայողների իրավունքների պաշտպանվածության, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական պատշաճ ապահովումը՝ որպես Զինված ուժերի ղեկավարության, պետական ու հասարակական վերահսկողության ու հոգածության առարկա:

Մեր խնդիրն է զինծառայողներին հատկացվող իրային միջոցների՝ համազգեստի, ներքնազգեստի, հիգիենայի ապահովման պարագաների որակական և քանակական ցուցանիշների, ինչպես նաև սննդակարգի բարելավումը: Այս ուղղությամբ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կմշակվի համապատասխան չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարություն: Պետք է աշխատենք նաև մի շարք ապահովման ծառայություններ օտարելու ուղղությամբ` հիմքում ունենալով դրանց որակի կտրուկ բարձրացումը և կոռուպցիոն երևույթների բացառումը:

Առաջնահերթություն 6.

Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, բնակարանային,բժշկական ապահովման և այլ ծրագրերի իրականացումը։
Բանակի բարոյահոգեբանական պատրաստվածությունը չի լինի բարձր մակարդակի վրա, եթե զինծառայողների համար չլինեն պատշաճ սոցիալական ապահովման պայմաններ` սկսած արժանավայել դրամական բավարարումից, հանգստի ու ժամանցի պայմաններից և վերջացրած բուժապահովմամբ: Իհարկե, ինչպես արդեն նշվել է, պետության տնտեսական ներուժի համեմատ մեծաքանակ բանակ ունենալու հանգամանքը ինքնին առաջ է բերում ֆինանսական սահմանափակումներ, սակայն խելամիտ լուծումների, «վատնող արտահոսքը» կասեցնելու և գործառույթներն ավելի օպտիմալ բաշխելու միջոցով պաշտպանության նախարարությունում անելու ենք ամեն ինչ զինծառայողի կենսապայմանները և նրա հոգևոր գոհունակությունը բարելավելու համար:

Պաշտպանության նախարարության գերակա խնդիրն է ծառայության մեջ գտնվող և նախկին զինծառայողների ու քաղ­ծառայողների, զինվորական հաշմանդամների, զոհված և անհայտ կորած զինծա­ռա­յողների ընտանիքների անդամների համընդգրկուն սոցիալական ապահովման ծրագրերի իրականացումը, զինծառայողների բժշկական ապահովման համակարգի վերափոխումը` առաջին բուժօգնության ցուցաբերումից և մարտի դաշտից տարհանումից մինչև հոսպիտալային օղակում որակյալ բուժում ստանալը:Այս համատեքստում արդեն իսկ ավարտական տեսքի է բերվում արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության նպատակային ծրագիրը, որը բեկումնային լուծում կապահովի բոլոր զինծառայողների (առանց տարիքային սահմանափակումների) սոցիալական պաշտպանվածության ոլորտի այս կարևոր հիմնախնդրին: Եվ իհարկե, աչքաթող չի արվում պաշտպանության ոլորտի անձնակազմի դրամական բավարարման մակարդակը բարձրացնելու հարցը, որին լուծում կտրվի Հայաստանում տնտեսական աճի և պետական բյուջեի եկամտային մասի ավելացմանը զուգընթաց:

Առաջնահերթություն 7.

Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորությունների ընդլայնումը:
Այս նպատակի վերջնարդյունքն է ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Նրանից, թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտով, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը:

Մեր գերակա խնդիրն է դաշնակցային և գործընկերային պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, բովանդակային և աշխարհագրական պատկերը բազմազանեցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, միջազգային համագործակցության նպատակաուղղումը բազմակողմ և երկկողմ հարթությունում ռազմաքաղաքական հարաբերությունների, ռազմական և ռազմատեխ­նի­կական համագործակցության ու փոխգործունակության ամրապնդման բաղադրիչ­ների զարգացմանը:

Սա պաշտպանության նախարարի տեսլականն էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում պաշտպանության համակարգի և զինված ուժերի համար սահմանված նպատակների, առաջնահերթությունների և գերակա խնդիրների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ պաշտպանության համակարգի անձնակազմն իր մասնագիտական խորագիտակության և հմտությունների ոլորտներում կգտնի էլ ավելի արդյունավետ գործնական լուծումներ, որոնք ամբողջարկվելով պետության և բանակի ղեկավարության ուղեցույցում, կապահովեն մեր ընդհանուր առաքելության պատվով կատարումը: Իսկ այս առաքելության կատարման գործում բանիմացության, արդարամտության, նվիրվածության և համախմբվածության կատարելատիպ դառնալու ձգտումը չունի այլընտրանք:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan