Զբոսաշրջիկը պատահաբար հին հռոմեական սրբավայր է գտել Ալպերում

2020 թվականի ամռանը զբոսաշրջիկը շվեյցարական Ալպերում Ամերտենհոր գագաթը բարձրանալիս պատահաբար հին հռոմեական բրոնզե մետաղադրամ է գտել եւ այդ մասին հայտնել է Բեռն կանտոնի հնագիտական ծառայությանը: Երկու տարում գիտնականները ուսումնասիրել են այդ վայրը եւ եկել են այն եզրակացության, որ այնտեղ հնագույն սրբավայր է եղել, գրում է Newsweek-ը։
Պեղումներն իրականացվել են ծովի մակարդակից 2590 մետր բարձրության վրա։ Տեղում հայտնաբերվել են 1-5-րդ դարերի եւս հարյուր հռոմեական մետաղադրամներ, երեք տասնյակ լեռնաբյուրեղյա խճաքարեր, կոշիկի 59 հռոմեական մեխեր եւ տերեւի ձեւով բրոնզե սկավառակի մի բեկոր, ինչը նշանակում է, որ բարձր լեռներում զոհաբերությունների հարթակ է եղել։
«Մենք պարբերաբար հռոմեական մետաղադրամներ ենք գտնում Ալպերում, սակայն այս վայրը բոլորի մեջ առանձնանում է եւ մետաղադրամների քանակով, եւ իր գտնվելու վայրով։ Այս վայրը շատ հեռու էր մարդկային ամենամոտ բնակավայրից։ Ե՛վ այսօր, եւ՛ Հռոմեական կայսրության օրոք նման բարձրության վրա կայանելը միանշանակ սովորական բան չէ»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ռեգուլա Գուբլերը:
Հնագետները դեռեւս պետք է լրացուցիչ ապացույցներ գտնեն, որ լեռներում գտնվող այս տեղանքը սրբավայր է եղել։ Հավանաբար, բարձրության ու վերելքի դժվարության պատճառով այս սուրբ վայրը առանձնահատուկ հարգանք է վայելել ուխտավորների շրջանում։ Այնտեղ կարող էին ընծաներ թողնել լեռնային աստվածներին։