Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կրիլովի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավականին վտանգավոր զարգացում է ապրում, այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը որոշել է զանգել և զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարածաշրջանում տեղի ունեցողի վերաբերյալ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ առաջիկայում Նախիջևանում սպասվող թուրք-ադրբեջանական զորավարժություններն ավելի են սրում իրավիճակը:
«Իհարկե, Էրդողանի համար կարևոր է հասկանալ, թե որքան հեռու կարելի է գնալ Ռուսաստանի հետ կոնֆլիկտում, որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ: Զանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ Պուտինի վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ»,- ասաց նա:
Ըստ Ալեքսանդր Կրիլովի՝ Պուտինի վերաբերմունքը ծայրահեղ բացասական է: «Չեմ կարող ասել, թե արդյոք Նախիջևանում տեղի կունենան զորավարժություններ, թե՝ ոչ, բայց կարծում եմ՝ ամեն ինչ հստակ ասվել է՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական ջարդերը, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհով»,- ասաց նա՝ նկատելով, որ ակնհայտ է, որ նման բախումները ոչ թե ազգային հողի վրա ատելության դրսևորումներ են, այլ՝ սադրանքներ, որոնք միտում ունեն մաքսիմալ կերպով սրելու հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև․ «Կարծում եմ՝ այդ թեման ևս քննարկվել է»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը: Երկու երկրների նախագահների զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ալեսքսանդր Կրիլովի խոսքով՝ Ռուսաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունները ևս կարևոր են: «Կա Մոնտրյոյի կոնվենցիա, և թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան ունեն միևնույն շահերը, այն է՝ Սև ծովը չվերածվի ոչ տարածաշրջանային պետությունների ազդեցության գոտի: Միացյալ Նահանգները պատրաստ է ապակայունացնել իրավիճակը որտեղ որ հնարավոր է, առավել ևս Սև ծովում, իսկ սա թույլ չտալու հարցում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են: Այո, հնարավոր է` Կովկասում Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքականությունը տարբեր են, բայց այս հարցում նրանց շահերը համընկնում են»,- ասաց նա:
Ալեքսանդր Կրիլովը նշեց, որ այն կարծիքները, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ իր հարաբերությունները լավացնելու է, համագործակցելու՝ ի հաշիվ Հայաստանի շահերի, արհեստական են, պրոպագանդիստական բնույթ են կրում:
«Ռուսաստանն իր շահերը չի կառուցում՝ զոհաբերելով ուրիշի շահերը: Եվ Հայաստանն էլ իր համար շատ կարևոր է Հարավային Կովկասում: Հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանին կարող փոխարինել Թուրքիայով կամ Ադրբեջանով, ասացի՝ պրոպագանդիստական են, այն մարդկանց համար, որոնք նման վախեր ունեն: Բայց նման բան չկա»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և անկախ նրանից, որ արդեն չորս իշխանություն է փոխվել, ամեն անգամ հարաբերությունները որպես գործընկերային են դիրքավորվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը խնդիր չունի զգուշանալու Թուրքիայի գործողություններից՝ Ալեքսանդր Կրիլովը նշեց, որ իրավիճակն իսկապես սրվում է, և դա տեղի ունենում Նախիջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ֆոնին:
«Բացի այդ՝ կա նաև Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում Ադրբեջանի համար վարձկանների հավաքագրում: Ակնհայտ է, որ պատրաստվում են ինչ-որ ռազմական գործողության ղարաբաղյան սահմանին կամ էլ Հայաստանի հետ ամբողջ սահմանի երկայնքով: Այստեղ սադրանքները բացառված չեն, բայց մեծամասշտաբ ռազմական գործողությունները քիչ հավանական են հատկապես միջազգայնորեն ընդունված հայ-ադրբեջանական սահմանում. ՀԱՊԿ-ը անմիջապես գործի կանցնի, քանի որ կառույցի, Ռուսաստանի՝ Հայաստանը պաշտպանելու պարտավորությունները ուժի մեջ են մտնելու»,- ասաց նա՝ նկատելով, որ Ղարաբաղում արդեն իրավիճակն ավելի վտանգված է, քանի որ այնտեղ նման երաշխիքներ չեն գործում:
Անդրադառնալով նրան, որ շատ է խոսվում այն մասին, թե հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, Ռուսաստանը ՀՀ նոր իշխանություններին չի վստահում, և այդ խնդիրները նկատելի դարձան վերջին շրջանում, երբ Ռուսաստանը այդպես էլ ակտիվություն չդրսևորեց, երբ հայ-ադրբեջնական սահմանում լարվածություն էր, Ալեքսանդր Կրիլովը նշեց, որ վատ է, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրներն իրենց արտացոլումն են ունենում երկու երկրների հարաբերությունների վրա:
«Իրականում հարաբերությունները զարգանում են բավականին կառուցողական կերպով: Հայաստանի սակրավորներն աշխատում են Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությամբ, և դա քայլ է, որին ՀԱՊԿ-ից ոչ մի երկիր չգնաց: Իհարկե, կան խնդիրներ երկու երկրների հարաբերություններում, և դա նորմալ է, բայց վատ է, որ Հայատսանի ներքաղաքական իրավիճակը ազդում է երկու երկրների հարաբերությունների վրա»,- ասաց նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...