Գերմանիան սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլն է սկսում
Գերմանիայի կառավարությունն ու դաշնային հողերի իշխանությունները համաձայնեցրել են մարտին կորոնավիրուսի համավարակի զսպման նպատակով ներդրված սահմանափակումների վերացման երկրորդ փուլի նախագիծը։ Հեռախոսային խորհրդակցության ձեւաչափով հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ 16 դաշնային հողերի վարչապետները պայմանավորվել են զանգվածային եւ պրոֆեսիոնալ սպորտի պարապմունքները վերսկսելու եւ բոլոր խանութները բացելու մասին, հայտնում է DW-ն:
Խորհրդակցության արդյունքներով ընդունված փաստաթղթի համաձայն, կհանվի առեւտրի առավելագույն տարածքի սահմանափակումը, ընդ որում սոցիալական հեռավորության եւ պաշտպանիչ միջոցների օգտագործումը կմնա:
Առաջին եւ երկրորդ բունդեսլիգայի 36 ֆուտբոլային ակումբներն արդեն մայիսի երկրորդ կեսին կվերսկսեն խաղային հանդիպումները, որոնք ընդհատվել էին մարտին: Հստակ ամսաթիվ դեռ որոշված չէ: Խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների:
Սոցիալական հեռավորության միջոցառումները երկարաձգվում են մինչեւ հունիսի 5-ը: Սակայն այստեղ եւս նախատեսվում է մեղմացում։ Մոտ ժամանակներս երկու տարբեր ընտանիքներում ապրող հարազատներին կթույլատրվի հանդիպել: Ամբողջ Գերմանիայում պետք է մեղմացվեն հիվանդանոցներ եւ ծերանոցներ այցելությունների սահմանափակումները: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա եւ Բավարիա դաշնային հողերը, որոնք ամենից շատ են տուժել կորոնավիրուսի համավարակից, այդ հարցն արդեն լուծել են մայիսի 5-ից:
Բազմաթիվ ոլորտներում հողերի իշխանությունները կարանտինային միջոցառումները մեղմացնելու հաջորդ քայլերը ինքնուրույն որոշելու իրավունք են ստանում: Սա վերաբերում է, մասնավորապես, մանկապարտեզների եւ հիմնական ու միջնակարգ դպրոցների, ռեստորանների ու սրճարանների աշխատանքի աստիճանաբար վերսկսմանը: Նախատեսվում է, որ, հաշվի առնելով շրջանային առանձնահատկությունները, երեխաների մինչեւ 50 տոկոսը կկարողանա մինչեւ մայիսի վերջը հաճախել մանկապարտեզներ եւ դպրոցներ, եթե պահպանվեն հիգիենայի խիստ կանոնները:
Կառավարության տվյալներով՝ մարտի 20-ին սահմանափակումները հանելու առաջին փուլից հետո SARS-CoV-2-ով նոր վարակվածների թիվը մնացել է ցածր մակարդակի վրա, երկրորդ ալիքի սկիզբը դեռեւս չի նշմարվում: Այնուամենայնիվ, համաձայնեցվել են չափանիշներ, որով ղեկավարվելով դաշնային հողերը պետք է կրկին սահմանափակումներ մտցնեն։ Դա տեղի կունենա, եթե յոթ օրվա ընթացքում 100 000 բնակչից գրանցվի ավելի քան 50 վարակման նոր դեպք։
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Գերմանիայում գրանցվել է SARS-CoV-2-ով վարակման 947 նոր դեպք: Համավարակի ամբողջ ընթացքում երկրում կորոնավիրուսային դեպքերի ընդհանուր թիվը հասել է 164 807-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի հետեւանքով մահացել է 165 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 6996:
Ընդ որում, Գերմանիայում վարակվածության ցուցանիշը նվազել մինչեւ 0,71, որը ամենացածրն է ապրիլի 17-ից հետո, մայիսի 5-ին մամուլի ասուլիսում ասել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի ղեկավար Լոթհար Ուիլլերը: Այս թիվը նշանակում է, որ ներկայում կորոնավիրուսով 100 վարակվածներ վարակում են 71 առողջ մարդու: «Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը նվազում է, սա շատ լավ նորություն է»,- ասել է Ուիլլերը: Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի բռնկման սկզբից անցկացվել է 2,4 միլիոն թեսթ, որի 7,2 տոկոսը դրական է եղել:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է